top of page

Փաշինյանի մորուքից ազատվեցին, իրենից՝ ոչ․ 2024 թվականի ազատումներն ու հեռացումները

2024 թվականը ազատումների, հրաժարականների և հեռացումների տարի էր։ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի թիմում տարվա վերջին ամիսները մի տեսակ խառն էին բուռն իրադարձություններով և ինտրիգներով լի։ Տարվա կեսից ՔՊ-ականները սկսեցին իրար տակ փորել և «գծերից» գցել, ներքին քննարկումներում և վարչության նիստերին իրար դեմ «բոչկա գլորել», միմյանց մեղադրել կոռումպացված և թմրամոլ լինելու մեջ։ Որոշներն էլ, ինչ-որ պահից սկսած, սկսեցին դիտվել որպես նախկին՝  ասես մոռացել էին, որ նշանակման պահին էլ էին իրենք նախկին։ Օրինակ՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, որը նախկին ՀՀԿ-ական է և Սերժ Սարգսյանի փեսայի եղբայրը, և որի դեմ արշավ սկսեցին ՔՊ-ական Արփի Դավոյանն ու մյուսները՝ ստորագրահավաք կազմակերպելով, որ Մինասյանին հեռացնեն պաշտոնից։ Եվ հեռացրին՝ նրա փոխարեն բերելով դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին։ Նրան դեռ չեն հեռացրել։

Մինասյանի ազատումը հոկտեմբերի 2-ին էր։ Այդ օրերին խոսվում էր նաև Մինասյանի մտերիմ ու հարազատ ընկերոջ՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հավականական հրաժարականի մասին, որն իրեն երկար սպասեցնել չտվեց։

Ընդամենը մեկուկես ամիս անց՝ նոյեմբերի 18-ին, սկսվեց արդեն ազատումների և հրաժարականների մի իսկական շքերթ, որոնք որակվեցին որպես WhatsApp-ով ազատումներ, քանզի նախորդ օրը գիշերը Նիկոլ Փաշինյանը իր «զոհերին» WhatsApp-ով հաղորդագրություններ էր ուղարկել՝ «խնդրելով» դիմում գրել և հեռանալ։ Նրանց մեջ էր նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, որը առավոտյան մի ծավալուն տեքստ գրեց, թե ինչու է «սեփական նախաձեռնությամբ» հրաժարական տալիս ԲԴԽ նախագահի պաշտոնից, որում ոչ մի էական բան չասաց, իհարկե, և հաջորդ օրը թռավ ԱՄՆ։ Անդրեասյանից առաջ արդեն մամուլում տեղեկություններ էին տարածվել կառավարության անդամների՝ մի շարք նախարարների, նաև իրավապահ որոշ կառույցների ղեկավարների ազատումների մասին։

Բոլորին էլ նույն հաղորդագրությունն էր ուղարկել «վոժդը»՝ «խնդրում եմ դիմում գրել և հեռանալ»։ Նրանց մեջ էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Նրանք բոլորը «WhatsApp-ով ազատվածներն» էին։ Եվ ամեն մեկի ազատման տակ մի պատճառ կար, որոնց մասին մամուլը ինչ-որ բաներ գրեց, բայց պաշտոնական որևէ բացատրություն, հիմնավորում չեղավ, թե ինչով էին այս մարդիկ վատ աշխատում, հատկապես, որ նրանց հրաժեշտ տալիս Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհակալություն էր հայտնում «արդյունավետ աշխատանքի» համար։ 

Ազատվածների տեղերը երկար թափուր չմնացին։ Գնել Սանոսյանին փոխարինեց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Վահե Ղազարյանին՝ իր տեղակալ Արփինե Սարգսյանը, Արգիշտի Քյարամյանի փոխարեն ՔԿ նախագահ նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՊԵԿ-ում Բադասյանին փոխարինեց ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը, որի գրած «խայտառակ» բյուջեի պատճառով էր, ասում են, Բադասյանն ազատվել պաշտոնից, քանզի չէր կարողանում ապահովել բյուջեում արտացոլված թվերը, իսկ Շիրակի մարզպետին փոխարինեց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը։ Միայն Սասուն Խաչատրյանի ազատած աթոռն է մինչ օրս դեռ թափուր մնացել, քանզի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին պետք է մրցույթով ընտրեն, ոչ թե նշանակեն։

Այս պաշտոնյաներն էլ իրենց հերթին, եկած-չեկած՝ սկսեցին ազատումներ ու նշանակումներ անել, օրինակ՝ տեղակալներ, իրենց ենթակա կառույցների ղեկավարներ, ինչպիսին, օրինակ, արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Քրեակատարողական ծառայությունն է, որի պետ Ամբակում Գրիգորյանին Սրբուհի Գալյանի գալուց հետո ազատեցին, ու դեռ չեն նշանակել, նույն կերպ Հարկադիր ծառայության պետ Արսեն Մնացականյանին ազատեցին, և էլի տեղը մարդ չեն նշանակել, և այսպես շարունակ։

Անցած տարվա հոկտեմբերին սեփական դիմումի համաձայն ազատվեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, որի փոխարեն Ազգային ժողովը ընտրեց հատուկ այս պաշտոնի համար ՔՊ-ի անդամատոմսից հրաժարված, բայց հոգով-սրտով ՔՊ-ական, իսկ իր կապերով՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի «մարդը» համարվող Մեսրոպ Մեսրոպյանին, որը մի կարճ շրջան նաև Կոտայքի մարզպետն է եղել։

Ամենաինտրիգայինը, սակայն, Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ներսում տեղի ունեցող իրադարձություններն էին, որոնք ծավալվեցին սկզբից՝ Անդրանիկ Քոչարյանի, ապա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի շուրջ։ Նախ, մամուլում գրվեց, որ լարվածություն է առաջացել Անդրանիկ Քոչարյանի և մի շարք ՔՊ-ական ջահելների միջև, քանզի Քոչարյանը նրանց, այդ թվում՝ Փաշինայնի աներձագ Հրաչյա Հակոբյանին, վարչության նիստի ժամանակ մեղադրել է «նարկոբարոն», նաև կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մեջ։ ԵրիտՔՊ-ականներն էլ արշավ են սկսել Քոչարյանի դեմ՝ պահանջելով կա՛մ ապացուցել իր մեղադրանքները, կա՛մ ներողություն խնդրել։ Ու քանի որ Քոչարյան Անդրանիկը ՔՊ-ում առանձնապես սիրված կերպար չէ և բազմաթիվ ներքին թշնամիներ ունի, ՔՊ-ական մի կոնկրետ շրջանակ նաև նրան ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց էին առաջ քաշել։ Բայց Անդրանիկ Քոչարյանը, որպես «հին աղվես», կարողացավ մի թեթև ներողություն խնդրելով և «զադնի դնելով»՝ ջրից չոր դուրս գալ և ՔՊ-ականների արշավի զոհը չդառնալ։ Նա դեռ շարունակում է զբաղեցնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, նաև լինել ՔՊ թիմի անդամ։

Իսկ, ահա, Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին ՔՊ-ականները տարվա վերջին ամանորյա նվեր մատուցեցին՝ մի լավ խայտառակելով և ՔՊ-ի շարքերից հեռացնելով։ Աղազարյանին, որը համարձակվել էր խորհրդարանական լսումների ժամանակ վիճաբանել այն ժամանակ դեռ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, ՔՊ-ականները մեղադրեցին մամուլի միջոցով ինֆորմացիայի ներքին արտահոսքեր կազմակերպելու, «պետական գաղտնիք» հրապարակելու, մի խոսքով՝ գրեթե պետական դավաճանության մեջ, և նրան հեռացրին ՔՊ կուսակցությունից և խմբակցությունից։ Փաշինյանը, Ալենն ու մյուսները նրան ստիպել են նաև մանդատը դնել և հեռանալ, սակայն Աղազարյանը դիմադրել է և չի կատարել նրանց «խնդրանքը»։ Այդ ամենի գինը եղավ այն, որ Հովիկ Աղազարյանին, ՔՊ-ից հեռացնելուց և «դավաճան» հանելուց զատ՝ նաև ներքաշեցին սեքս-սկանդալի մեջ, նրա հեռախոսի նամակագրությունները հանեցին և դրեցին ՔՊ վարչության նիստում քննարկման, թե ինչպես է Աղազարյանը ինտիմ բնույթի զրույցներ վարել տարբեր կանանց հետ, վերջում էլ իրենց ֆեյքերի միջոցով տարածեցին, թե Աղազարյանը նաև արվամոլ է և սեռական կապի մեջ է եղել տարբեր տղամարդկանց հետ։ Աղազարյանի շուրջ կատարվող վատ իրադարձությունները տարվա վերջին իրենց կուլմինացիային հասան վերջինիս կնոջ մահով․ MediaHub-ը դեկտեմբերի 20-ին գրեց, որ մահացել է Հովիկ Աղազարյանի կինը։

Աղազարյանի հեռացմանը հետևեց նաև նրա ընկեր Հակոբ Ասլանյանի հեռացումը, քանզի վերջինս համարձակվել էր պաշտպանել իր ընկերոջը՝ քարկոծելու փոխարեն։ Ասլանյանին ևս ՔՊ-ն հեռացրեց ինչպես կուսակցությունից, այնպես էլ խմբակցությունից, բայց նա ևս մանդատը չդրեց։ Նրանք երկուսն էլ այս պահին անկախ պատգամավոր են, ավելին՝ Աղազարյանը կուսակցություն է հիմնում։ 

Բայց ԱԺ-ում միայն ՔՊ-ի շարքերում չէ, որ եղան «անկախացողներ»։ Աղազարյանին և Ասլանյանին նախորդել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Հայկական ժամանակ» թերթի նախկին աշխատակից, 44-օրյա պատերազմում որդի կորցրած Գեղամ Նազարյանի «անկախացումը»։ Նրան էլ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամները մեղադրեցին նիկոլական լինելու, ընդդիմության գծից շեղվելու և իշխանական խաղեր տալու մեջ՝ նրան հեռացնելով խմբակցությունից և հորդորելով մանդատը դնել։ Բայց Նազարյանը մանդատը պահեց ու նախընտրեց դառնալ անկախ պատգամավոր, որ ավելի ազատ և անկաշկանդ մեկնի գործուղումների նիկոլականների հետ ու նկարվի Ալենի հետ, ինչպես դա արել էր Վիետնամ այցի ժամանակ։

Ազատումների և հրաժարականների այս շքերթը, թերևս, ամփոփենք մի արտաքուստ ոչ քաղաքական իրադարձությամբ։ Նոյեմբերի 14-ին՝ կառավարության անդամների ազատումների շքերթից մի քանի օր առաջ, Նիկոլ Փաշինյանը որոշեց սափրել իր «հեղափոխական» մորուքը, որը բավականին սպիտակել էր 2018-ից հետո։ Սափրելուց հետո էլ տեղի ունեցավ իր կաբինետի կադրային ջարդը։ Քաղաքական վերլուծաբանները ուղիղ կապ տեսան Փաշինյանի կողմից իր բրենդային մորուքից ազատվելու և իր կաբինետի որոշ անդամներից ազատվելու միջև։ Թե ինչ կապ՝ այդպես էլ չիմացանք։ Փոխարենը, այս տարի ևս Նիկոլ Փաշինյանը, որին քիչ էր մնում Բագրատ Սրբազանը հեռացներ մայիսին, էլի չհեռացավ։ Սպասենք 2025 թվականին նրա՝ «օր առաջ հեռացմանը»։

bottom of page