Պուտինը պատրաստ է Թրամփի հետ հանդիպմանը․ Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև շփումների կազմակերպումը կարող է սկսվել ԱՄՆ նորընտիր նախագահի՝ իր պաշտոնը ստանձնելուց հետո՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք ելնում ենք հանդիպման փոխադարձ պատրաստակամությունից, բայց, ամենայն հավանականությամբ, պարոն Թրամփի՝ Օվալաձև աշխատասենյակ մտնելուց հետո որոշակի տեղաշարժ կլինի»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան ողջունում է Պուտինի հետ երկխոսության մեջ մտնելու Թրամփի ցանկությունը։
«Մենք տեսնում ենք, որ պարոն Թրամփը նույնպես հայտարարում է երկխոսության միջոցով խնդիրները լուծելու իր պատրաստակամության մասին, մենք ողջունում ենք դա։ Դեռևս որևէ կոնկրետություն չկա»,- հավելել է նա։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների բանակցությունների համար նախնական պայմաններ անհրաժեշտ չեն, միայն երկխոսության փոխադարձ ցանկություն և քաղաքական կամք։
Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը բազմիցս խոսել է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հետ շփումներում իր բաց լինելու մասին։
Այսօր ավելի վաղ Թրամփը լրագրողներին ասել էր, որ Պուտինը ցանկանում է հանդիպել իր հետ, և որ կողմերն արդեն աշխատում են նման հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Ինչպես նշել է Պեսկովը, այս խոսքերն ընդամենը պատասխան են եղել լրագրողների զուտ հիպոթետիկ հարցին։