Կալիֆորնիայում քամու ուժգնացում է սպասվում, Լոս Անջելեսում վախեցած են
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մի քանի օր մոլեգնող հրդեհները մարել չի հաջողվել, կրակը գրոհում է: Հատկապես հայ հասարակության ուշադրությունը սևեռված է Լոս Անջելեսում զարգացումներին, բարեբախտաբար, հայաշատ Գլենդելի մեծ մասը ապահով է, բայց մեկ օր առաջ Գլենդելի մի մասն էլ հրդեհվելու վտանգի առջև էր հայտնվել:
Այսօր արդեն հայտարարվեց, որ Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերից 5–ը մահացել են «Փելիսեյդս» անվանումը ստացած հրդեհի գոտում, 6-ը՝ «Իտոնից» տուժած տարածքում։
MediaHub-ի հետ զրույցում լոսանջելեսաբնակ Անի Սահակյանը նշեց, որ կրակը հասել է Գլենդել։
«Ես բնակվում եմ North Hollywood–ում, այս պահին կրակն ինձ մոտիկ չի, սակայն, սկզբում բավականին մոտ էր, անգամ առաջին անհարաժեշտության առարկաները դրել էինք, որ տարհանվենք, բայց լավ է, կրակը հեռվացավ մեր տարածաշրջանից։ Գլենդելում մարդիկ տարհանվել էին, բայց ավելի հանգիստ է այդտեղ»,– ասաց Անին։
Ծուխն է բավականին շատ, շարունակեց նա, ամենավտանգավոր տարածքը «Փելիսեյդսն» է, որտեղ կրակը դեռ չի հաջողվել հանգցնել, ընդամենը 8%–ն է հնարավոր եղել մարել։
«Բըրբանքում, որտեղ նույնպես շատ են հայեր ապրում, երեկ կրակը հասել էր լեռնային տարածք։ Իսկ այս պահին Գլենդելում վիճակը նորմալ է, միայն օդը մաքուր չէ»,– փոխանցեց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ Լոս Անջելեսի ողջ բնակչությունը հետևում է հատուկ քարտեզի միջոցով, թե որտեղ է կրակը մոլեգնում։ Հասարակությունն անհանգիստ է, եղանակային կանխատեսումները զգուշացնում են, որ մոտ օրերին ուժեղ քամիներ են սպասվում, իսկ քամիների ուժգնացման ժամանակ հրդեհները կսկսեն ակտիվ տարածվել։
Ըստ մեր զրուցակցի, հասարակության մեջ նաև վարկած կա, որ այս հրդեհները արհեստական են.
«Մարդածին հրդեհներ են, ամեն դեպքում շատերն են այստեղ այդպիսի կարծիք ունեն, կամ՝ ինչպե՞ս կարող էր լինել, որ Կալիֆորնիան պատրաստ չլիներ… չգիտենք՝ ինչ է լինելու, բայց վախեցած ենք, որ քամիների պատճառով կարող են տարածվել հրդեհները և հասնել նաև մեզ»,– ասաց նա։
Նշենք, որ տարբեր տեղեկություններով՝ հրդեհների գոտում 5 եկեղեցի է այրվել, իսպառ մոխրացել է մոտ 7 դպրոց և 2 խոշոր գրադարան։ Անկախ մի շարք կազմակերպություններ վնասի չափը գնահատում են 135-150 միլիարդ դոլար։Իսկ MediaHub-ը շարունակում է հետևել իրադարձություններին, մենք տեղեկացնում ենք զարգացումների մասին։