Պատկերացրեք՝ ձեր բանկային քաղվածքը նկարեք և ֆեյսբուքով հրապարակեք, դա լինելու է այդպիսի բաց փաստաթուղթ․ Նաիրի Սարգսյանը՝ հայտարագրի մասին
Տնտեսական ներուժն ամբողջովին սպառված է և հարկման վերջին օղակը մնացել է ՀՀ քաղաքացին, այն քաղաքացիները, որոնց 40 տոկոսից ավելին աղքատ են, 13,5 տոկոսը գործազուրկ է, 900,000 ավելի մարդ աշխատուժից դուրս բնակչությունն է, այս մասին այսօր «Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները՝ հայտարարագրման չեղարկման պահանջով» թեմայով հանդիպմանը հայտարարեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Այս ամենի նպատակը ոչ թե քաղաքացիների եկամուտների հայտարարագրումն էր, այլ, ուշադրություն դարձրեք Հարկային օրենսգրքի 4-րդ կետը, ըստ որի պահանջը կոչվում է եկամտային հարկի տարեկան հաշվարկ։ Տնտեսական ներուժն ամբողջովին սպառված է և հարկման վերջին օղակը մնացել է ՀՀ քաղաքացին, այն քաղաքացիները, որոնց 40 տոկոսից ավելին աղքատ են, 13,5 տոկոսը գործազուրկ է, 900,000 ավելի մարդ աշխատուժից դուրս բնակչությունն է»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Նա նշեց, որ այս եկամուտների հայտարարագրման գաղափարին կողմ են, բայց ոչ այս եղանակով, և այժմ այս տարբերակը պետք է կասեցվի․«Մեր դեմ լինելու առաջին հիմնավորումը դրա ծախսատարությունն է, որպեսզի քաղաքացին հայտարարագրում անի, պետք է կապի օպերատորից ձեռք բերի քարտ՝ էլեկտրոնային ստորագրության համար, այդ քարտը մոտավորապես ամսական 500 դրամի լիցքավորում պետք է անի։ Բացի այդ, անձը պետք է պարտադիր ունենա քարտ տեղադրելու հնարավորությամբ հեռախոս, եթե ոչ՝ պետք է գնի։ Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար պետք է տարեկան վճարել 3000 դրամ։Եվ հայտարարագիրը լրացնելու համար վճար, միջինում 30,000 դրամ, որովհետև վստահեցնում եմ, որ դրա լրացնելու համար պետք են մասնագիտական գիտելիքներ։ Վարչապետն իր հայտարարագիրը լրացնելու համար հրավիրել էր ֆինանսների նախարարին, ՊԵկ նախագահին և փոխվարչապետին, բայց բոլորվ միասին չէին կարողացել լրացնել, բայց հիմա ինքը պահանջում է, որ վաճառողը, գյուղացին, հասարակ քաղաքացին ինքնուրույն լրացնի, դա ուղղակի ցնդաբանություն է։
Դեմ լինելու երկրորդ պատճառն այն է, որ ի սկզբանե չհարկվող եկամուտը դառնում է հարկվող։ Գիտեք, որ քարտից քարտ փոխանցումներով հաճախ նպատակ բաժին չկա, բացի այդ խոսքը վերաբերում է նաև 2024 թվականին, հետևաբար պետք է գնաք բանկ, բանկի քաղվածք պահանջեք, հիշեք բոլոր փոխանցումները, որպեսզի կարողանաք մեկնաբանություն գրել, թե որ նախորդ տարի որ փոխանցումն ինչ նպատակով է եղել»։
Խոսելով բանկային գաղտնիքի բացահայտման մասին, Սարգսյանը նշեց հետևյալը․
«Ինչպես է տեղի ունենում բանկային գաղտնիքին հասանելիությունը։ Յուրաքանչյուր տարվա համար, մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը ԿԲ-ն բոլոր բանկերից ֆիզիկակական անձանց բոլոր մուտքերն ու ելքերը հավաքագրում է և ներկայացնում ՊԵԿ։
ՊԵԿ-ը համադրություն է անում ԿԲ-ի տվյալները անձի ներկայացրած եկամտային հարկի հաշվարկների հետ և ծանուցում է ուղարկում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ընդ որում ունենք կրկին տեխնիկական խնդիր, այդ ծանուցումն ուղարկվում է էլեկտրոնային կառավարման պատուհանի միջոցով։ Ես վստահեցնում եմ, որ անգամ բիզնեսմենները, տնտեսագետները, ովքեր ամեն օր առչնվում են այդ պատուհանի հետ, իրենց անձնական հաշիվը երբեք չեն բացում և չեն նայում։ Գյուղացին կամ որևէ այլ հասարակ աշխատող դա չի կարողանա բացել և նայել։Այնուհետև պարտավորեցնում են 5-օրյա ժամկետում ՊԵԿ ներկայացնել բանկի ամբողջական քաղվածքը։ Սա չեղա՞վ բանկային գաղտնիքի բացահայում։
Իսկ Վարչական դատավարության օրենքսգրքի դրույթն էլ հետևյալն է, Վարչական դատարանը ՊԵԿ-ի կողմից ներկայացված գործն ընդունում է վարույթ և պարտադիր կայացնում է թույլատրելի վճիռ, որպեսզի ՊԵԿ-ը կարողանա բանկերից անձամբ ստանալու քաղաքացու հաշիվների քաղվածքները։
Բայց այստեղ մեկ այլ վտանգ ևս կա, քանի որ անձն ինքնուրույն չի կարողանալու լրացնել այդ հայտարարագիրը, պետք է դիմի մասնավոր խորհրդատվական ընկերությունների, որպեսզի նրանք լրացնեն դա, այսինքն, այդ ընկերության աշխատակիցը հասանելիություն է ունենանալու ձեր քաղվածքին, և որևէ մեկը չգիտի, թե այդ տեղեկատվությունը որտեղ է օգտագործվելու, ՀՀ-ում, ՀՀ-ի սահմաններից դուրս, թե ՀՀ-ի սահմաններից դուրս՝ թշնամական երկրներում։ Պատկերացրեք, որ նշվածը նման է, որ դուք ձեր բանկային քաղվածքը նկարեք և ֆեյսբուքով հրապարակեք, դա լինելու է այդպիսի բաց փաստաթուղթ»։