Մակրոնը Սիրիայի ղեկավարին հրավիրել է Փարիզ
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_3a62a6a0821b4a34b1a72d8efaf24c3d~mv2.jpg/v1/fill/w_770,h_385,al_c,q_80,enc_auto/0b80d6_3a62a6a0821b4a34b1a72d8efaf24c3d~mv2.jpg)
Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ Շարաան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին պաշտոնական այց կատարել Փարիզ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը՝ Մակրոնի հետ նրա հեռախոսազրույցից հետո։
«Ահմեդ Ալ Շարաան Ֆրանսիայի նախագահից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա»,- ասվում է տեքստում։ Գրասենյակի տվյալներով՝ Մակրոնը շնորհավորել է ալ Շարաային՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և «լիակատար աջակցություն հայտնել Սիրիայի անցումային փուլին»։
«Նախագահները քննարկել են Սիրիայի անվտանգության խնդիրները և նրա կայունությունը պահպանելու համար միասին աշխատելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, ինչից հետո Բաշար ալ Ասադը հրաժարական է տվել Սիրիայի նախագահի պաշտոնից և լքել երկիրը։ Սիրիայի փաստացի առաջնորդ է դարձել «Հայաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական խմբավորման ղեկավար Ահմեդ ալ-Շարաան, որը հայտնի է Աբու Մուհամմադ ալ Ջուլանի մականունով։