Ադրբեջանը Կովկասում առաջ է մղում թուրքական շահերը. Զատուլին
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների պահանջը՝ փակել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը երկրում։ Այս մասին գրում է Rex գործակալությունը։
«Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությունը բոլորովին այլ է. նրանք Թուրքիայի դաշնակիցներն են և իրենց յուրայինների հետ մեկտեղ առաջ են մղում թուրքական շահերը Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի գոտում»,- հայտարարել է Զատուլինը։
Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից հետո Բաքուն այլևս Ռուսաստանի կարիքը չունի։
Ադրբեջանի իշխանությունները պահանջել են փակել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը երկրում, դա պայմանավորված է օրինական գրանցման բացակայությամբ, «Россия 24»-ի եթերում հայտարարել է գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը։
«Ադրբեջանի Հանրապետությունում մեր Ռուսաստանի դեսպանատունը, մեր ներկայացուցչությունը և արտաքին գործերի նախարարությունը տարիների ընթացքում բազմիցս դիմել են Ադրբեջանի Արդարադատության նախարարությանը, Արտաքին գործերի նախարարությանը՝ գրանցման հարցում օգնելու խնդրանքով: Մենք միշտ պատրաստ ենք եղել դա անել, բայց մեր կոչերն անպատասխան են մնացել»,- ասել է Պրիմակովը։
Բաքուն Ռուսաստանին պաշտոնական ծանուցում է ուղարկել երկրի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին։ Հունվարին Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող Baku. tv հեռուստաընկերությունը «Ռուսական տանը» մեղադրել է լրտեսական գործունեության մեջ: