Փորձում են վիճարկել, թե արագությունը չի գերազանցվել․ ինչ փուլում է Սոնա Մնացականյանի գործը

Հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած վարորդի պաշտպանական կողմը փորձում է վիճարկել, թե արագության գերազանցում չի եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տուժողի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը՝ ներկայացնելով, թե ինչ փուլում է հիմա դատաքննությունը։
«Դատատեսաձայնագրային բնագավառի փորձագետի հարցաքննությունն ենք ավարտել, պաշտպանության կողմը ժամանակ է խնդրել դատարանից, որ դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնի։ Կրկնակի փորձաքննություն են ցանկանում, մեկ անգամ միջնորդություն ներկայացվել է, դատարանը մերժել է, հիմա նշեցին, որ այլ հիմնավորմամբ են ներկայացնելու»,- ասաց Ասլանյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը փորձում է ապացուցել, որ արագությունը ճիշտ չի որոշվել։ Մինչդեռ փորձաքննությունը դեռ նախաքննության ընթացքում որոշել է, որ արագության գերազանցում է եղել, պաշտպանական կողմը փորձում է վիճարկել դա։
Ասլանյանը նշեց՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անփոփոխ է՝ միայն բացակայելու արգելք, և վերջ։ Ըստ նրա՝ այս փուլը խափանման միջոցը վերանայելու հնարավորություն չի տալիս։
Փաստաբանը նաև հայտնեց, որ այսօր կայացած դատական նիստի ժամանակ Սոնա Մնացականյանի հորեղբոր ինքնազգացողությունը վատացել է, դուրս է եկել դահլիճից, հետո ստիպված են եղել շտապօգնություն կանչել։ Պարզվել է՝ սրտամկանի սուր ինֆարկտ է։ Ասլանյանի խոսքով՝ օրեր առաջ էլ Սոնա Մնացականյանի հայրն էր սրտի վիրահայություն տարել ու այսօր չէր կարողացել ներկա լինել նիստին։
Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։