top of page

«Հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից և ընդունել եմ». Նիկոլ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից եղած ակնկալիքների վերաբերյալ հարցին, ասաց. «Մենք խնդիր ունենք, և կարևոր հնարավորություն է մեզ համար, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելու համար: Գիտեք, և դա ասում եմ հաճույքով, որ ակնհայտ է, որ միջազգային հանրության շրջանում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է կայուն ձևով, և նման հարթակները կարևոր են մեր ասելիքն ասելու համար:

Ամենակարևոր շարժառիթը սա է, բայց ոչ պակաս կարևոր շարժառիթ է, որ հրավեր ենք ստացել ՌԴ նախագահից անձամբ և ընդունել եմ այդ հրավերը, և կարծում եմ՝ այդտեղ գտնվելը կարևոր է ՀՀ-ի համար:

Վերջերս նաև Նյու Յորքում էի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային էի մասնակցում, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն մասնակցեցի, և կարծում եմ՝ տարբեր հարթակներում ՀՀ-ի շփումները, տեսակետներ կիսելը և նաև գնահատականներ լսելը ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև գլոբալ զարգացումների մասին շատ կարևոր են, որովհետև այդ տեղեկատվությունը մեզ օգնում է ավելի ճիշտ կողմնորոշվել ժամանակակից չափազանց բարդ աշխարհում»,- նշեց վարչապետը:

bottom of page