Պուտինը հանգիստ գրավում է Բելառուսը. զեկույց
Ամերիկյան Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ (ISW) վերլուծական կենտրոնն ուշադրություն է հրավիրել Բելառուսում վերջին տարիների քաղաքական միտումների վրա։ Հետազոտողները խոսում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հարևան երկրի «հանգիստ գրավման» և այն լուրջ հետևանքների մասին, որոնք կարող է ՆԱՏՕ-ի համար ունենալ այդ գրավումը:
Ըստ հեղինակների՝ Ռուսաստանն օգտագործել է Բելառուսում տիրող քաղաքական ճգնաժամը 2020 թվականի «գողացված ընտրություններից» հետո՝ երկրում իր ազդեցությունը մեծացնելու համար. Մոսկվայի աջակցությամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ճնշել է բողոքի ցույցերը։ Դրանից հետո Ռուսաստանն իր զորքերն է տեղակայել Բելառուսում և 2021/2022 թվականների ձմռանը, օգտագործելով մտացածին զորավարժությունների պատրվակը, բելառուսական հողից Ուկրաինա է ներխուժել շուրջ 30 հազար զինվոր։
Ռուսաստանը, ըստ վերլուծաբանների, երեք նպատակ է հետապնդում՝ Բելառուսի ռազմական, տնտեսական և քաղաքական կլանումը։ Դա թույլ կտա Ռուսաստանին «ապագա պատերազմներին պատրաստվել ավելի արագ, քան հնարավոր կլիներ միայնակ»:
Ըստ վերլուծաբանների՝ ռազմական ինտեգրման փուլը գրեթե ավարտված է. Ռուսաստանը պլանավորում է Բելառուսում մշտապես տեղակայել իր զորքերը՝ ներառյալ օդուժը և, հնարավոր է, նոր ցամաքային բրիգադներ, ինչպես նաև ռազմավարական միջուկային զենք:
Տնտեսական ինտեգրացիան ենթադրում է գազի, էլեկտրաէներգիայի և աշխատուժի ընդհանուր շուկաների ստեղծում, որը կմիավորի Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունները մեկ միասնական համակարգի մեջ։
Կրեմլը կարող է ապագայում ստեղծել համատեղ դատարան և խորհրդարան, ինչպես նաև երկու երկրների «Միության» մշտական հանձնաժողով, այդ թվում՝ օրենսդիր լիազորություններով։
«Քաղաքական գործիչները պետք է սկսեն պլանավորել ապագան, որտեղ Բելառուսը ոչ միայն օկուպացված երկիր է, այլ Ռուսաստանի դե ֆակտո շարունակությունը», - ասվում է զեկույցում:
Փորձագետները առանձնակի մտահոգված են Բելառուսում միջուկային զենքի տեղակայմամբ:
«2023 թվականին Մոսկվան Բելառուսում տեղակայել է Ռուսաստանի կողմից վերահսկվող տակտիկական միջուկային զենքը այն բանից հետո, երբ ստիպել էԲելառուսին ընդունել սահմանադրական փոփոխությունները, որոնք չեղյալ են հայտարարում Բելառուսի ոչ միջուկային պետության կարգավիճակը», - նշել են վերլուծաբանները: