top of page

Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։ Ինձ համար սա խիստ պարտավորեցնող փաստ է։

Բայց նաեւ հնարավորություն է, որ պետք է օգտագործել։

Այս առիթով խոնարհաբար շնորհակալություն եմ հայտնում այլ ազգերի ներկայացուցիչներին, ում հետաքրքիր է իմ համեստ եւ փոքրիկ անձը։

Նաեւ՝ ամենաջերմ հայաստանյան ողջույններն եմ հղում բոլոր սփյուռքահայերին:

Իսկ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ հետեւում են իմ սոցիալական էջերին, շատ կոնկրետ առաջարկություն ունեմ.

Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի: Եւ խոսքը բոլորովին էլ ակադեմիական կրթության մասին չէ:

Խոսքը այնպիսի գիտելիքներ ձեռքբերելու մասին է, որոնք անհրաժեշտ են մեր սեփական կյանքը, մեր միջավայրը էլ ավելի լավը դարձնելու համար:

Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության՝ ամեն ինչ իմացողի, եւ բոլորին ամեն ինչ անդադար սովորեցնողի այդքան հարազատ դարձած կերպարը, եւ բոլոր երեւույթների, իրավիճակների եւ իրադարձությունների նկատմամբ սեփական անձը դիրքավորել կասկածանքով, շարունակ ինքներս մեզ տալով հետեւյալ հարցը՝ իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ.......:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ տվյալ երեւույթը գնահատելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս աշխատանքին հավակնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ իմ աշխատանքը մաքսիմալ արդյունավետ կատարելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ հարստանալու եւ իմ պետությունը հարստացնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ երջանիկ լինելու եւ իմ սիրելիներին երջանկացնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ կարծիք արտահայտելիս ծիծաղելի չլինելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունը արժանապատիվ կրելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս պնդումն անելու համար։

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ընտանեկան բյուջե հաշվարկելու եւ պլանավորելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ուրիշներին ծաղրելու, փնովելու, դատելու եւ դատափետելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ամուր եւ սիրով լի ընտանիք ունենալու համար:

Իսկ մենք բավարար չափով գտելիք ունե՞նք ուժեղ եւ հարատեւ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն ունենալու համար:

Եթե պարզվի, որ ոչ՝ յուրաքանչյուրս առանձին եւ բոլորս միասին բավարար չափով գիտելիք չունենք, ապա մեկ տարվա ընթացքում կարող ենք փոխել իրավիճակը, մերօրյա տեխնոլոգիաներն ու գործիքները հաստատապես տալիս են դրա հնարավորությունը, իսկ մնացածը ընդամենը ցանկության եւ տեխնիկայի իհարց է:

Ուստի եկեք՝

2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի

Ձեռնոց նետենք տգիտությանը

Գիտելիքը եւ կրթվելը դարձնենք նորաձեւ

Նոր հմտություններ յուրացնենք

Չկրթենք

Միայն՝ կրթվենք

Սովորենք մեր անձնական կյանքը եւ մեր միջավայրը ավելի լավը դարձնել

Սովորենք հարստանալ եւ հարստացնել

Սովորենք երջանկանալ եւ երջանկացնել

Սովորենք ուժեղանալ եւ ուժեղացնել

Կրթվելը նորաձեւ է»։

bottom of page