top of page

Բաքվում դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը. Փաշինյանը հայտարարություն կանի՞

Բաքվում այսօր՝ հունվարի 17-ին, կմեկնարկի Արցախի՝ ապօրինի գերեվարված և կալանքի տակ գտնվող ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը։ 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի օկուպացիայի և բնակչության բռնի տեղահանման օրերին, ադրբեջանական կողմը ձերբակալել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցչի ու նրանց կեղծ մեղադրանքներ առաջադրել։ 

Նշենք, որ հայ ռազմագերիներից միայն Ռուբեն Վարդանյանն է կարողացել ընտանիքի միջոցով հայտարարություն տարածել՝ նշելով, որ առաջադրված մի քանի տասնյակ մեղադրանքներն իրեն ու իր փաստաբանին ներկայացվել են ադրբեջաներենով, ինքը որևէ անգամ հարցաքննության չի ենթարկվել և միայն մի անգամ իր անուն-ազգանունն է հայտնել, ոչինչ ավելին։ 

Վարդանյանի հայտարարությունը միակը չէ, որ փաստում է՝ ինչպիսի վերաբերմունք է տածում ադրբեջանական կողմը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, և արդարության սպասելն այս դեպքում անշնորհակալ գործ է։

Այս առումով ասելիք ունի՞ Հայաստանի կառավարության ղեկավարը։ Արդյո՞ք որևէ աջակցող, իրավունքի տեսանկյունից նաև պահանջատիրական հայտարարություն գոնե չի հնչելու պաշտոնական Երևանի կողմից․ հարցի պատասխանը MediaHub-ը փորձեց ստանալ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից։

«Եթե վարչապետն ասելիք ունենա, ապա դա կլինի հրապարակային։ Այս պահին որևէ այլ մեկնաբանություն չունեմ»,- նշեց Բաղսասարյանը։

Փաստորեն, երբ Ադրբեջանում հայ գերիների են դատում՝ մի տրցակ անհիմն մեղադրանքներով, մի կողմ թողնենք այդ մարդկանց ավանդը հայրենիքի պաշտպանության գործում, ուղղակի ևս մեկ անգամ արձանագրենք՝ հայի են դատում․․․, և հնարավոր է, որ Փաշինյանն ասելիք չունենա։ 

bottom of page