Թրամփը հրապարակավ մեքենա է գնել Իլոն Մասկից (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է աջակցել գործարար, միլիարդատեր, Կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկին՝ նրա Tesla ընկերության արժեթղթերի գնի և մեքենաների վաճառքի ցուցանիշների ռեկորդային անկման պայմաններում և գնել է ընկերության մեքենաներից մեկը։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հրապարակային միջոցառման ժամանակ Թրամփը ցուցադրաբար ընտրել և գնել է էլեկտրական մեքենաներից մեկը: Այս մասին հայտնել է The Guardian-ը։
Նշվում է, որ Թրամփը Մասկի և նրա փոքրիկ որդու ուղեկցությամբ քայլել է Վաշինգտոնի իր նստավայրի տարածքում շարված մեքենաներ մոտով և ասել, որ գնելու է կարմիր Model S, որի համար վճարելու է չեկով։
Նշենք, որ Tesla-ի վաճառքները Ֆրանսիայում և Սկանդինավիայում փետրվարին կտրուկ նվազել են, ինչն ազդել է ընկերության շուկայական մասնաբաժնի վրա։ Հաղորդվել է նաև, որ Tesla-ն Ավստրալիայում փետրվարին վաճառքի կտրուկ անկում է գրանցել՝ անցյալ տարվա համեմատ՝ 70%-ով։