«Հիվանդ երեխաներիս բժշկի չեմ կարողանում տանել». երկու անչափահաս երեխաների միայնակ մոր նկատմամբ տնային կալանք է սահմանվել, պնդում է՝ պարեկներն են մեղավոր

Երկու անչափահաս երեխաների մայր Անջելիկա Ադամովան 2.5 ամսից ավելի է, տնային կալանքի տակ է գտնվում: 31-ամյա կինը Tert.am-ին պատմեց, որ ոչ մի ազգական չունի, երեխաները վատառողջ են, իսկ ինքը չի կարողանում նրանց նույնիսկ բժշկի տանել:
Թե ինչու է երկու անչափահաս երեխաների միայնակ մոր նկատմամբ տնային կալանք սահմանվել, Անջելիկան պատմեց, որ ինքը խնդիրներ ունի Զեյթունի ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ, ինչը, ըստ նրա, հիմնական պատճառն է, որ հիմա կալանքի տակ է:
Նրա խոսքով՝ հունվարի 6-ին գիշերը 3-ին նախկին ամուսինը հետապնդել է իրեն, պարեկին կանգնեցրել է օգնության ակնկալիքով:
«Հունվարի 6-ին՝ Զատիկի օրը, նախկին ամուսինս մեքենայով ընկել էր իմ հետևից: Կանգնեցնում եմ պարեկին լուսացույցի տակ, լուսացույցն անցնում եմ, կանգնում եմ ու ասում՝ օգնության կարիք ունեմ: Պարեկներն իձնից փաստաթուղթ են ուզում: Ասում եմ՝ չունեմ փաստաթուղթ, բայց ունեմ օգնության կարիք, ասում եմ՝ ինձ հետապնդում են, ու կարող է լիքը վատ բաներ լինեն:
Անկեղծ եմ ասում, շատ բիրտ ուժ կիրառելով, ես մարմնական վնասվածքներով, ինձ տանում են բաժանմունք: Տանս դուռը երեք օր բաց է մնում, երեխեքիցս՝ մեկը տասը տարեկան է, մյուսը՝ հինգ, երեք օր տեղեկացված չեմ լինում, ո՞ւր են, ո՞ւմ մոտ են, սովա՞ծ են, ծարա՞վ են: Մտնում եմ ոստիկանություն, ինձ տանում են ՁՊՎ ու թույլ չեն տալիս զանգահարեմ իմ երեխաներին»,- պատմեց նա:
Նրա խոսքով՝ իրեն ստիպում են, որ գրի, թե ոստիկաններն են իրեն կանգնեցրել: «Ասում եմ՝ ես եմ իրենց կանգնեցրել, ցուցմունքների մեջ էլ է երևում, որ ես եմ կանգնեցրել, ես եմ օգնություն խնդրել»,- նշեց երիտասարդ կինը:
Հարցին՝ ի՞նչ կապ ունի այս դեպքի հետ Զեյթունի ոստիկանության բաժանմունքը, Անժելիկան ասաց, որ իր տանից գողություն է կատարվել, ինքը դիմել է Զեյթունի բաժին, տուժող է և այնտեղ կռիվ է արել:
«Զեյթունի բաժնի ոստիկանության հետ ունեմ անձնական խնդիրներ, այնտեղ տուժող եմ իմ գործով, ոչինչ չեն արել, ես գնացել եմ, կռիվ եմ արել: Ես միայնակ մայր եմ, 750 հազար դրամ իմ տանից գումար են գողացել, դիմել եմ ոստիկանություն, ոչինչ չեն արել: Ես իրենց ասել եմ՝ ով է, ինչ է, ոնց է եղել, այդ մարդուն բերել են ոստիկանության բաժանմունք, տասը րոպե հետո բաց են թողել ու մինչ օրս ոչինչ չեն արել, ես իրավունք չունե՞մ գնամ ու ասեմ՝ ինչի՞ ոչինչ չեն արել»,- պարզաբանեց նա:
Ապա նա նշեց, որ արդեն այս դեպքով, երբ տարել են բաժին, քննիչն ասել է. «Հիշո՞ւմ ես, աղջիկ ջան, որ եկել էիր ձայնդ գցել էիր գլուխդ, շատ մեծ կարծիք ունեիր քո մասին: Ես գումարի կարիք ունեմ, իմ գումարն է, հիմա ինչքան, որպես տուժող, դիմում եմ, իմ դիմումներին ընթացք չեն տալիս»,- նշեց կինը:
Նա պատմեց, որ արդեն 2.5 ամիս է կալանքի տակ է: «Չեմ կարողանում դուրս գալ, լվացք փռել, իմ երեխքեն օրերով սոված են մնում, ես այդ ամեն ինչը դատարանին ասել եմ, իսկ քննիչն ասում է՝ ես մեկ անգամ գնացել եմ, իրենք լավ էլ ապրում են, ես տնից ցուցմունք վերցնելու եմ գնացել, ինքն իր երեխաներին ճաշ էր սարքում»,- ասաց նա:
Ճշտող հարցին, երբ նա ձերբակալվածների պահման վայրում է եղել, և լուր չի ունեցել երեխաների մասին, այդ ընթացքում ո՞ւր են եղել երեխաները, ո՛վ է խնամել նրանց, Անջելիկան պատմեց. «Արարատ քաղաքում են եղել երեխաներս: Ինձ անգամ թույլ չեն տվել պարեկային ծառայողները ես իմ տան դուռը փակեմ, նոր ինձ տանեն ոստիկանության բաժանմունք, երեք օր իմ տան դուռը բաց է մնացել: Երեխեքս մայրիկիս ընկերուհու մոտ են եղել, բայց ինքը պետք է նստացներ տաքսի, բերեին տուն, ասել եմ՝ թողեք զանգեմ երեխեքիս, քննիչն ասել է՝ սենց ժամանակ եք հիշում երեխեքի մասին:
Իմ տան դուռը երեք օր բաց է մնացել, իմ երեխեքից երեք օր լուր չեմ ունեցել, երեք օր ինձ խոշտանգել են: Ասել են՝ այպես արա, այնպես արա, դիմումդ հետ վերցրու գողության հետ կապված: Ես իրենց ասել եմ, որ մինչև նախարարություն բողոքելու եմ, Քննչական կոմիտե եմ բողոքելու, ես պարզ ասել եմ իրենց ու անելու եմ: Քննիչը Գևորգյան Վահանն է»:
Նրա ներկայացմամբ՝ այս պահին թե ինքը, թե երեխաները վատառողջ են: «Երեխաս շատ հիվանդ է: Խնդրել եմ՝ թույլ տան գոնե շաբաթը մեկ անգամ դուրս գամ խանութ գնումներ անելու: Քննիչն ասել է՝ 10 տարեկան երեխան փոքր չէ, կարող է միայնակ գնալ խանութ ու գալ: Պատկերացնո՞ւմ եք Զեյթունից Ռայկոմ իմ տասը տարեկան աղջիկ երեխան միայնակ գնա խանութ ու գա, դա նորմա՞լ է, երբվանի՞ց է 10 տարեկան երեխան մեծ համարվում»,- ասաց նա:
Անջելիկան նշեց, որ մարտի վեցից նորից 40 օրով կալանքը երկարացվել է: «Նորից 40 օրով երկարացրեցին, ասելով՝ որ չխոչընդոտես, որ չփախչես: Դատավորին ասում եմ՝ երեխաս դպրոցական է, ես չեմ կարողանում դպրոց գնալ գալ: Հեռախոսս առգրավել են, էդ հեռախոսի մեջ ոչ մի բան էլ չկա, հեռախոսս չեն տալիս, որով կարող էի ինչ-որ խնդիրներ լուծել: Իրենք ամեն ինչ անում են, որ ոստիկանների կողմից ինձ խոշտանգելն էլ շրջեն իմ դեմ»,- տեղեկացրեց նա:
Անջելիկան նշեց, որ պարեկներից մեկը կին է եղել: «Ինձ հիմա ամեն ինչից ու բոլորից մեկուսացնում են, որ ես չկարողանամ այս հարցին լուծում տալ, որ ես չկարողանամ պաշտպանվել, իմ պատմածները կարող եմ փաստերով ապացուցել»,- ասաց նա:
Պատմելով թե ինչպես է արտահայտվել այդ խոշտանգումը, երիտասարդ կինն ասաց. «Ինձ քաշքշել են, հարվածել, այդ ընթացքում, երբ կին պարեկը քաշքշում էր ինձ, տղան ոտքս դռան տակ է թողնում ու այս ամեն ինչից հետո այնպես է ստացվում, որ երեք պարեկների տեսախցիկներն էլ չեն աշխատել, որ ֆիքսեն ամեն բան: Ճիշտ է՝ ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ, բայց էս կարգի չի կարելի, իմ մանկահասակ երեխաներն ինձ հետ հավասար կալանք են կրում»,- ասաց նա:
ՆԳ նախարարի խոսնակ Նարկե Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում, դեպքին անդրադառնալով, նշեց. «Բռնության և խոշտանգման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ օրը, պարեկները կանգնեցրել են մեքենան, նշված անձը չի ենթարկել պարեկների «կա՛նգ առ» ազդանշանին, այնուհետև կանգնել է, իջել է, մեքենայի ղեկին եղել է ոչ սթափ վիճակում, հարվածներ է հասցրել պարեկներին, ձերբակալվել է, տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև ներկայացվել է Քննչական կոմիտե»:
ՔԿ նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ Tert.am-ին դեպքի մասին միայն ասաց. «Նշված գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի օրինական, ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը»:
Իր՝ ղեկին ոչ սթափ լինելու մասին, Ադամովան նշեց, որ քանի որ զատիկ է եղել, ինքն էլ գնացել էր մայրիկի գերեզմանին, 1-2 բաժակ գինի է միայն խմել, բայց քանի որ ունի բարձր թթվայնություն, գուցե ալկոհոլի թույլատրելի շեմը բարձր է ցույց տվել:
Ինչ վերաբերում է, ոստիկանության պարզաբանմանը, որ իրեն չեն խոշտանգել, նա ասաց, որ սուտ է ոստիկանության այդ պնդումը: «Եթե այդպես է ասեմ՝ պարեկների դատաբժշկական փորձաքննության արդյունքներն արդեն տրամադրվել են, որտեղ ասվում է, որ նրանք բռնության չեն ենթարկվել: Այսինքն, նրանք որևէ վնասվածք չունեն, իսկ իմ արդյուքնները մինչև հիմա չեն տրամադրել, այն դեպքում որ իմ վանսվածքները, կապտուկներն անզեն աչքով էլ երևում են: Այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա չենք ստացել արդյունքները, ի՞նչ են ուզում կոծկել»,- ասաց նա:
Նշենք, որ Tert.am-ը դիմել է նաև ՄԻՊ գրասենյակ, որտեղից կապվել են երիտասարդ կնոջ հետ: ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը Tert.am-ին փոխանցեց, որ խնդիրը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ուշադրության կենտրոնում, Պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան գործողություններ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն էլ Tert.am-ին տեղեկացրեց, որ Միասնական սոցիալական ծառայության Տարածքային կենտրոնից կապ են հաստատել պոլիկլինիկա։ Բժիշկը գնացել է, զննել երեխային, նշանակումներն արել: Տարածքային կենտրոնից կրկին կապվել են քաղաքացու հետ, խոսել բժշկի այցի մասին, քաղաքացին ասել է, որ այս պահին այլ խնդիր չունի ՄՍԾ-ին վերաբերելի։ Նշենք նաև, որ երեխաների համար դեղորայք, ինչպես նաև սնունդ է ուղարկվել: