Մեր հավատքը զորացնենք Սուրբ Էջմիածնով. այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է
- Lida Nalbandyan
- Jun 2, 2024
- 2 min read

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով ամփոփվում է եկեղեցական տոներով հագեցած Արարատյան շաբաթը: Այն, Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի խոսքով, խորհրդանշում է հայոց դարձը, հաղթանակը կռապաշտության դեմ: Հիշատակվում են Հայաստանում քրիստոնեության հաստատման, դրան նախորդող պատմական իրողությունները: Շաբաթն անվանվում է Արարատյան, քանի որ հիշատակվող իրադարձությունները տեղի են ունեցել Արարատյան դաշտում:
Կաթողիկե Սուրբ Էջմիածինը301 թվականին Հայաստանում քրիստոնեության հաստատման ու դրան նախորդող պատմական իրողությունների մասին նկարագրությունները մեզ հասել են Ագաթանգեղոսի պատմության շնորհիվ:Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը հիշատակն է այն տեսիլքի, որ երևաց Գրիգոր Լուսավորչին՝ Խոր Վիրապից ելնելուց հետո: Արարատյան դաշտում իջավ Միածին Որդին ու ոսկե մուրճով ցույց տվեց՝ որտեղ պիտի կառուցվի Էմիածինը։«Բարձր ու ահեղ, ընթանում էր լուսեղեն զորքի առջևից և ձեռքին ուներ ոսկե մեծ կռան (մուրճ) և բոլորը նրա ետևից էին գալիս և Նա իջավ հասավ մինչև երկրի հատակը, քաղաքի մեջտեղը, խփեց լայնատարած գետնին և մեծ թնդյուններ հնչեցին անդունդների սանդարամետից»:Ագաթանգեղոս պատմիչն է վկայում, որ Մայր Տաճարը կառուցվել է Տրդատ Գ թագավորի ու Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսի օրոք` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջին տարիներին՝ 301-ից 303 թվականներին: Ավանդության համաձայն՝ Տրդատը բարձրացել է Մասիս լեռն ու իր հետ բերել կարծր, անտաշ, ծանր ու մեծ քարեր` մատուռների շինության համար: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը սրբագործել է վայրը, այնուհետև կառուցվել է Մայր Տաճարը՝ Կաթողիկե եկեղեցին: Հայ եկեղեցու հոգևոր բարձրագույն իշխանությունն ու աթոռանիստը տեղակայվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:«Կույսերի հալածանքները, Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքը, հայոց աշխարհում դարձը, այնուհետև տեսիլքը, Սուրբ Էջմիածնի հաստատումը ամրապնդեցին քրիստոնեությունը հայոց աշխարհում: Էջմիածինը դարձավ հայոց հոգևոր կենտրոնը, այն խորհրդանշում է քրիստոնեության, լույսի տարածումը»,- նշում է Տեր Պարթևը։Հոգևորականը հավելում է. «Էջմիածին անվանումն ունի իր խորհուրդը, այսինքն՝ իջավ Միածինը՝ Հիսուս Քրիստոսը: Միածնի էջքով հաստատվեց Էջմիածինը մեր երկրում»։Սրբություն Սրբոց4-րդ դարի սկզբից Սուրբ Էջմիածինը դարձավ քրիստոնեության կենտրոն։ Այնտեղ ժամանակին հոգևոր-թարգմանչական գործունեությունն են ծավալել Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը: Տեղում է զարգացել հայ գրականությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը:
Այսօր այնտեղ են պահպանվում սրբազան հնություններ, մասունքներ: Էջմիածնում է Սուրբ Գեղարդը, Գրիգոր Լուսավորչի, Հակոբ Մծբնայի, Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների Սուրբ աջերը: Պահպանվում են արժեքավոր հայկական ձեռագրեր՝ 13-ից 18-րդ դարերի:
Տեր Պարթևի խոսքով` Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը մեզ համար առիթ պետք է լինի ևս մեկ անգամ խորհելու Սուրբ Էջմիածնի կարևորության մասին․
«Սուրբ Էջմիածինը պետք է դրոշմված լինի յուրաքանչյուր հայ քրիստոնյայի սրտում՝ որպես իր հավատքի անբաժան մի մասնիկ, մեծ ուխտավայր, հայոց հավատի օրրան, Սրբություն Սրբոց։ Այն աստվածային պարգև է աշխարհում առաջին քրիստոնյա ժողովրդին։ Պետք է մեր հավատքը զորացնենք Սուրբ Էջմիածնով:
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին մատուցվում է տոնական Պատարագ նաև կատարվում է Հայրապետական մաղթանք: