«Եվրատեսիլ 2025»-ի բեմում Պարգը միայնակ կլինի. նոր մանրամասներ Հայաստանի պատվիրակի ելույթից
- Lida Nalbandyan
- 16 hours ago
- 1 min read
«Եվրատեսիլ 2025»-ի բեմում Պարգը միայնակ կլինի, այս մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» ծրագրի շրջանակում հայտնել է «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակը: Պարգն ու մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, սակայն, շատ մանրամասներ չեն հաղորդել նրա ելույթի մասին, որպեսզի մրցութային օրը երկրպագուների համար անակնկալ լինի:
Հայտնի է նաեւ, որ Պարգի ելույթի համար հատուկ դեկոր է պատրաստվում Շվեդիայում: Հայաստանի պատվիրակության անդամները մոտ օրերս պետք է մեկնեն այնտեղ՝ փորձարկելու այն:
Հաղորդման ընթացքում Պարգը նաեւ հավելել է, որ իր եվրատեսիլյան ելույթն էապես տարբերվելու է այն ամենից, ինչ եղել է «Դեպի Եվրատեսիլի» բեմում:
Մեր պատվիրակն օրերս է վերադարձել Ամստերդամից, որտեղ, ի թիվս մրցույթի այլ մասնակիցների, ելույթ է ունեցել պրոմո շրջագայության ընթացքում: Հաջորդ համերգը կլինի Մադրիդում:
«Եվրատեսիլ 2025»-ն անցկացվելու է Շվեյցարիայի Բազել քաղաքում՝ մայիսի 13-ին, 15-ին եւ 17-ին: Պարգը Հայաստանը ներկայացնում է Survivor երգով, որը կատարելու է մայիսի 15-ին՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ, 5-րդ համարի ներքո: