Ասադի ընտանիքի կարողությունը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի
Բաշար ալ-Ասադի ընտանիքի ակտիվների արժեքը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի (11,4 միլիարդ եվրո)՝ չնայած այն հանգամանքին, որ 2021 թվականին Սիրիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է ընդամենը 8,98 միլիարդ դոլար (8,54 միլիարդ եվրո): Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել է ամերիկյան The Wall Street Journal թերթը։
Ասադի վարչակարգի տապալման հետ մեկտեղ համաշխարհային որս է սկսվել նրա ընտանիքի բազմամիլիարդանոց կարողության համար, ընտանիք, որը Սիրիայում իշխում էր ավելի քան 50 տարի, գրում է աղբյուրը։
«Նրանք շատ ժամանակ ունեին հեղափոխությունից առաջ իրենց փողերը լվանալու համար: Նրանք միշտ ունեին պլան Բ, և այժմ լավ պատրաստված են վտարանդիությանը»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի կառույցներից մեկում Սիրիայի նկատմամբ տարվող քաղաքականության համար պատասխանատու Էնդրյու Թաբլերը:
Նա նախկինում աշխատել է Ասադի ընտանիքի անդամների ունեցվածքի բացահայտման ուղղությամբ՝ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով:
Բաշար ալ-Ասադը և նրա հայրը` Հաֆեզը, հարստությունը թաքցրել են արտերկրում` հարազատների օգնությամբ, հայտնում է WSJ-ն:
Ռուսաստանում անշարժ գույք, հյուրանոցներ Վիեննայում և ինքնաթիռ ԴուբայումԱսադի կլանի հարստության ստույգ չափը և այն, թե ընտանիքի որ անդամն ինչն է վերահսկում, անհայտ է: Բաշար ալ-Ասադի մերձավորների կողմից տարիների ընթացքում կատարված միջազգային գնումների թվում են շքեղ անշարժ գույք Ռուսաստանում, բուտիկ-հյուրանոցներ Վիեննայում և մասնավոր ինքնաթիռ Դուբայում։
2013 թվականից մինչև 2019 թվականը նախկին նախագահի հարազատները 40 միլիոն դոլարով (38 միլիոն եվրո) գնել են առնվազն 20 շքեղ բնակարան Մոսկվայում, գրում է Financial Times թերթը։
Ըստ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2022 թվականի գնահատումների՝ Ասադների հետ կապված բիզնեսների և ակտիվների արժեքը կարող է տատանվել 1 միլիարդ դոլարից մինչև 12 միլիարդ դոլար (950,000-ից մինչև 11,4 միլիարդ եվրո):
Այդ միջոցները հաճախ ձեռք են բերվել պետական մենաշնորհների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության (հատկապես Captagon ապրանքանիշով ամֆետամինի) միջոցով, և հետագայում մասամբ վերաներդրվել միջազգային իրավունքի համար անհասանելի իրավասություններում, նշում է WSJ-ը: