top of page

«Փեթակի» խաչմերուկում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա - Քրիստափորի փողոց խաչմերուկում բախվել են «Chevrolet» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

bottom of page