top of page

Է՞լ ինչ անեմ ու ունենամ, որ ինձ վարկ տաք. արձակագիր Սյունե Սևադան դժգոհություն է հայտնել ԱԿԲԱ բանկից

Արձակագիր Սյունե Սևադան ֆեյսբուքյան գրառմամբ բողոքել է ԱԿԲԱ բանկի աշխատանքից։  Նա գրել է, որ բանկում իրեն մերժել են վարկ տալ, թեև մաքուր վարկային պատմություն և վարկ ստանալու բոլոր նախադրյալներն ունի․

«Իմ անունով անշարժ գույք ունեմ, գրանցված ԱՁ եմ՝ գրասենյակով և եկամուտով, տարիներ առաջ կյանքում մեկ անգամ եմ ապառիկ վերցրել՝ նույն ամսում փակել եմ։ ԱՁ-ս էլ գրանցված է ԱԿԲԱ-ում»,- գրել է Սևադան։

Սակայն, բանկում, ըստ Սևադայի, այս ամենը հաշվի չեն առել․

«Պատասխան՝ score-ս ցածր է։ Ասում է՝ պիտի վարկ վերցնեք, որ բարձրանա։ Բա եթե ինձ վարկ չեք տալիս, որովհետև բալերս ցածր են, ես ո՞նց վարկ վերցնեմ, որ բալերս բարձրացնեմ»,- գրել է Սևադան։

Նա առաջարկել է նաև անշարժ գույք գրավ դնել, փոխարենը բանկից ասել են, որ առնվազն 10 միլիոն դրամ վարկ պետք է վերցնի։ Սևադայի խոսքով՝ իր բոլոր փաստարկները պարտաճանաչ վարկառու լինելու մասին, անօգուտ են եղել։ Անգամ առաջարկել է սպառողականի փոխարեն իրեն բիզնես վարկ տալ, բանկի աշխատակիցն ասել է, որ ամենայն հավանականությամբ մերժելու են, ավելի լավ է ժամանակ չկորցնի։

 «Ուրեմն ես՝ հարկեր մուծող, ֆինանսական գրագիտություն ունեցող քաղաքացի եմ, ԱՁ ունեցող մարդ եմ, իմ անունով անշարժ գույք ունեցող, ինքն իր բերանով տունը գրավ դնել առաջարկող, թեկուզ հինգ հոգի գարանտ բերելու պատրաստ, պարբերաբար կարճաժամկետ, բայց փաստաթղթավորված պրոյեկտներով աշխատող  խեղճ ու կրակս է՞լ ինչ անեմ ու ունենամ, որ ինձ վարկ տաք։ Էն էլ՝ ադեկվատ գումար է, իմ եկամուտներին համապատասխան, դեռ մի բան էլ՝ քիչ։ Կուզեք՝ շուտ էլ չեմ փակի, ամեն ինչի համաձայն եմ, ինձ վարկ տվեք, է՞լ ինչ անեմ ես»,- գրել է Սևադան։

bottom of page