top of page

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսսին կայցելի Իրան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 1 day ago
  • 1 min read

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այս շաբաթ կայցելի Թեհրան՝ պայմանավորված Իրանի միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող միջնորդավորված բանակցություններով։ Այդ մասին անձամբ Գրոսսին է հայտնել։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ նշելով․ «Այս շաբաթ կայցելեմ Թեհրան»։ Գրոսսին այս գրառումն արել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի նոր մշտական ​​ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆիի հետ հանդիպումից հետո.  Նաջաֆին հանդիպմանն իր հավատարմագրերն է հանձնել  Գրոսսիին։

«ՄԱԳԱՏԷ-ի գործունեությանը Իրանի մասնակցությունը և գործակալության հետ համագործակցությունը շարունակելը կարևոր են հատկապես հիմա, երբ անհրաժեշտ են դիվանագիտական ​​լուծումներ»,- գրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը։

Հիշեցնենք՝ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Օմանի մայրաքաղաք Մուսկատում շաբաթ օրը միջնորդավորված բանակցությունների առաջին փուլն են անցկացրել՝ իրանական միջուկային խնդրի շուրջ։ Ինչպես իրանական, այնպես էլ ամերիկյան կողմերը բանակցությունների առաջին փուլի ընթացքը դրական են որակել։


1/2624
bottom of page