ՀՀ վարչապետի կողքին կանգնած՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պրովոկացիա էր անում. Մարուքյան
ՀՀ վարչապետի կողքին կանգնած՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պրովոկացիա էր անում։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հայաստան այցին նշեց ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Այն պայմաններում, որ Հայաստանում քննարկվում է Ադրբեջանի պահանջների միակողմանի իրականացումը․ խոսքը Տավուշի մարզի սահամանգծմանն է վերաբերում, որը միակողմանի գործընթաց է, այսինքն՝ Ադրբեջանն իր կողմից չի ընդունում որեւէ քարտեզ, գիծ, որոնք համապատասխան էլ ինքը դուրս գա այդ տարածքից, հետեւաբար մարդկանց մոտ կա անարդարութան զգացողություն։ Ինչո՞ւ է այն միակողմանի, ինչո՞ւ չեն ճանաչում որեւէ գիծ, եւ դրանից հետ քաշվում եւ միայն Հայաստանն է հետ քաշվում։ Այս պայմաններում Հայաստան է գալիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որը նաեւ Ադրբեջան է այցելել, եւ հայտարարում է, որ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, խաղաղությանը, բայց չի կարողանում Ադրբեջանին ասել՝ Իլհամ Ալիեւ, Պրահայում հայտարարություն եք ընդունել փոխադարձ ճանաչման մասին, հետեւաբար փոխադարձ ճանաչել եք Խորհրդային միության ադմինիստրատիվ սահմանները, եւ դրանք չեն կարող միակողմանիորեն վերադասավորվել միայն Հայաստանի համար, դու օկուպացրել ես 215 քառակուսի կիլոմետր տարածք, 31 գյուղերի կենսական նշանակության ճանապարհներ, արոտավայրեր, ջրամբար, դուք էլ դուրս եկեք այդ տարածքներից»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ բացի երկրներին պատերազմի մեջ գցելը ՆԱՏՕ-ն այլ քայլեր արե՞լ է․ «Ուրիշ ի՞նչ է տեղի ունեցել։ Ի՞նչ է նշանակում՝ «Հայաստանը պետք է որոշի ՆԱՏՕ-ի անդամ դառնալ», այսինքն՝ դուք դարձեք պլազդարմ, ձեր տարածքում թող պատերազմներ տեղի ունենան, կոտորվեք, մենք կողջունենք ձեր խիզախությունը, կաջակցենք ձեզ, մի քանի ռակետ կուղարկենք կամ չենք ուղարկի, բայց դուք կկոտորվեք։ Կքննարկեն, հետո կորոշեն, որ չարժե՝ Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց մենք ձեզ կաջակցենք»։
Մարուքյանը նաեւ նշեց, որ ՀՀ վարչապետի կողքին կանգնած՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պրովոկացիա էր անում. «Ասում էր՝ Պուտինը չպետք է հաղթի պատերազմում: Եղբա՛յր, Հայաստանի տարածքում նման հայտարարություն անում ես, որ նոր թշնամիր ձեռք բերե՞նք ՀՀ-ի համար, որ նման հայտարարություն եք անում Հայաստանում, Հայաստանի մարտահրավերներին ծանո՞թ եք, այդ մարտահրավերներին Հայաստանը միայնակ է դիմակայում»: