Մակրոնը Թրամփի կողմից եվրոպական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը վատ գաղափար է անվանել
- Lida Nalbandyan
- Mar 27
- 1 min read
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի հայտարարել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ մաքսատուրքերի սահմանման մասին նրա որոշումը լավ գաղափար չէ, հաղորդում է Reuters-ը։
«Հիմա մեր դեմ մաքսատուրքեր սահմանելու ժամանակը չէ... Սակագների ներդրումը խաթարում է գնագոյացման շղթաները, կարճաժամկետ կտրվածքով գնաճային ազդեցություն է ստեղծում և աշխատատեղերը ոչնչացնում, ուստի դա ձեռնտու չէ ոչ ամերիկյան, ոչ եվրոպական տնտեսությանը»,-նշել է նա։
Մակրոնը հինգշաբթի ելույթ է ունեցել Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպած մոտ 30 առաջնորդների առաջ, որոնք քննարկել են Կիևի դիրքերն ամրապնդելու ուղիներն ու գնահատել՝ իրենք ինչ դեր կարող են խաղալ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրում։
Թրամփի վարչակազմն արդեն 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման վրա, նախատեսում է լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրք սահմանել ավտոմեքենաների ներմուծման վրա և ծրագրում է հաջորդ չորեքշաբթի հայտարարել պատասխան մաքսատուրքեր այն երկրների դեմ, որոնք, ըստ նրա, պատասխանատու են ամերիկյան առևտրային ապրանքների դեֆիցիտի մեծ մասի համար: