top of page

Անահիտ Մանասյանը Ռոբերտ Աբաջյանի անվան դպրոցի աշակերտների հետ քննարկել է բուլինգի ու դրա կանխարգելման միջոցների հետ կապված հարցեր

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 15 hours ago
  • 1 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ապրիլի 11-ին այցելել է Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց և դասախոսությամբ հանդես եկել բարձր դասարանների աշակերտների համար։ 

Այցն իրականացվել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման և մարդու իրավունքների կրթության գործառույթների համատեքստում։

Իր ելույթում Պաշտպանը շեշտել է դպրոցականների հետ այս ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ որպես մարդու իրավունքների կրթության ամրապնդման արդյունավետ միջոց։

«Կրթությունն ինձ համար մարդու իրավունքների պաշտպանության, համերաշխ և հանդուրժող միջավայրի ձևավորման համատեքստում ունի առաջնային կարևորություն։ Այսօրվա քաղաքակիրթ աշխարհում անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը առանց կրթական պատշաճ միջավայրի»,- նշել է Պաշտպանը։ 

Անահիտ Մանասյանն աշակերտներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղղությունները, լիազորությունների շրջանակը, խոսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին կից երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։

Հանդիպումը կրել է հարց ու պատասխանի ձևաչափ՝ ընդգրկելով մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ իրավահավասարություն, խտրականության բացառում, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն։


bottom of page