Իսրայելը ոչնչացրել է Գազայում գործող միակ հիվանդանոցը
- Lida Nalbandyan
- 2 days ago
- 1 min read
Իսրայելը կիրակի կեսօրին Խան Յունիս քաղաքի բնակիչներին հարկադիր տեղահանման հրաման է արձակել։ Իսրայելի բանակի անանուն պաշտոնյան հայտնել է, որ քաղաքը լքելու հրամանը տրվել է Խան Յունիսի և հարակից շրջանների գրեթե բոլոր շրջանների բնակիչներին, հայտնում է Al-Jazeera-ն։
Նա ասել է, որ սա «վերջին նախազգուշացումն է եղել հարձակումից առաջ», և բանակը «մեծ ուժով կգրոհի Գազայի հատվածի բոլոր այն տարածքները», որտեղից հրթիռներ են արձակվել։ Նա ասել է, որ պաղեստինցիները պետք է «անհապաղ դեպի հարավ» տեղափոխվեն` ալ-Մավասիի ապաստարաններ, որոնց վրա Իսրայելը բազմիցս հարձակվել է Գազայի պատերազմի ժամանակ՝ չնայած այն «անվտանգ գոտի» ճանաչելուն: Հրամանի հրապարակումից բառացիորեն կես ժամ անց հայտնի է դարձել, որ իսրայելցի զինվորներն այս «անվտանգ գոտում» սպանել են երկու պաղեստինցի երիտասարդների՝ շփոթելով նրանց ահաբեկիչների հետ։
Միաժամանակ հայտնի է դարձել անկլավի հյուսիսում միակ լիարժեք գործող հիվանդանոցին` Ալ-Ահլիին իսրայելական հարվածի մասին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնին, որը գտնվում է Ալ-Ահլի հիվանդանոցում, գրում է Bloomberg-ը: ՀԱՄԱՍ-ը հերքում է, որ հիվանդանոցն օգտագործել է ռազմական նպատակներով։ Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ հիվանդանոցը շարքից դուրս է եկել իսրայելական հարձակման պատճառով: Գազայի հատվածում գործող սակավաթիվ գործող հիվանդանոցներից մեկի ռմբակոծությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելն ընդլայնում է իր ռազմական հարձակումը Գազայի հատվածում: