Այս փուլում Ադրբեջանին առաջարկում ենք երկաթուղային կապը բացել. Փաշինյան
- Lida Nalbandyan
- 5 hours ago
- 2 min read
Մենք այս փուլում Ադրբեջանին առաջարկում ենք, որ երկաթուղային կապը բացենք, մանսավորապես, Հորադիս-Երասխ գծի վրա, որտեղ կիրականացվեն բեռնափոխադրումներ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը պնդեց՝ ՀՀ-ն հենց այսօր պատրատ է գնալ այդ լուծումներին. «Շատ կարևոր է արձանագրել, որ երբ մենք ասում ենք՝ պատրաստ ենք այդ լուծումներին, մենք մեզ հարց ենք տալիս՝ մեր հանրությունն ինչպե՞ս կվերաբերվի այն լուծումներին, որոնք մենք առաջարկում ենք: Երբ մենք դա հայտարարում ենք, նշանակում է՝ ունենք որոշակի վստահություն, որ մեր բնակչությունը կտեսնի ու կասի՝ շատ լավ, նորմալ կոմպրոմիս է և փոխադարձ ընդունելի կարող է լինել: Սա է տրամաբանությունը:
Ադրբեջանն ասում է՝ քանի որ ՀՀ-ն լուծումներ չի տալիս և չի առաջարկում, մենք դրա համար որոշում ենք կայացրել, որ պետք է օգտվենք Իրանի երթուղուց։ Դա նշանակում է, որ Իրանի երթուղու պայմաններն իրենց համար ընդունելի են, հակառակ դեպքում իրենք չէին օգտվի դրանից։ Եվ մենք, որպեսզի այս համատեքստում ամեն ինչ պարզ լինի, ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմաններն ապահովել, որով անցնում են Իրանի տարածքով, որպեսզի ցույց տանք՝ այն, որ մեր առաջարկած պայմաններն Ադրբեջանի համար աընդունելի են՝ չի համապատասխանում իրականությանը:
Եթե պայմանն ընդունելի է Իրանի տարածքով անցնելու համար, ինչու՞ պետք է ընդունելի չլինի ՀՀ տարածքով անցնելու համար»:
Փաշինյանը նաև անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը.
«Եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա մի բան, որից ենթադրվում է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը պետք է որևէ ձևով նսեմացվի, այնտեղ չկա որևէ բան, որ պետք է երրորդ ուժ մեր երկրի տարածքում ներկայություն ունենա, և հստակ փոխադարձության սկզբունք է արձանագրված:
Ինչ վերաբերում է վերահսկողությանը՝ մենք ասել ենք, որ դա կարող է լինել մոնիթորինգի վերահսկողությունը, որը կարող է լինել, օրինակ՝ Մասկվայից՝ արբանյակային գործիքների միջոցով: Էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարությունը միայն 9-րդ կետ չէ, որ ունի։
ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրավազորությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Ինձ չի հետաքրքրում, թե ով է դրել, ես ասում եմ, որ ոչ ոք չի կարող դա անել»: