top of page

Նայեք ու վերհիշեք՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ-Արցախ-սփյուռք եռամիասնությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ինչպես էր մոբիլիզացրել աշխարհը

  • Arnold Gevorgyan
  • 10 hours ago
  • 1 min read

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.

«Առաջարկում եմ նայել այս ռեպորտաժը և հիշել, թե ինչ կայացած ու ամուր պետականություն եք ունեցել ընդամենը 10 տարի առաջ:

Նայեք ու վերհիշեք, թե Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, 100-րդ տարելիցի կապակցությամբ ինչպես էր մոբիլիզացրել ամբողջ աշխարհը՝ Հայոց ցեղասպանությունը կրկին դատապարտելու և ճանաչելու պահանջով:

Նայեք ու վերհիշեք, թե ինչպիսի պետության քաղաքացի էիք դուք ու ընդամենը յոթ տարում ինչպես եք կորցրել ձեր դիրքերն աշխարհում: Հիշեք, թե այս յոթ տարում ինչպես եք կորցրել ձեր հայրենիքի ամենաուժեղ հատվածը, ձեր լավագույն սերնդի մի մասին, ձեր պատմական հիշողությունների և ինքնության հետ կապը, ձեր անվտանգությունն ու ապագան: Նայեք ու վերհիշեք, թե ինչպես էր Հայաստանն իր քաղաքական օրակարգերով ամրացրել դիրքերն աշխարհում ու համեմատեք՝ տեսեք, թե ինչ ողբերգական ու ստորացած վիճակում է հայտնվել այսօր:

Նայեք ու համոզվեք, որ ուղիղ յոթ տարի առաջ՝ 2018թ. ապրիլի 23-ին, ոչ թե Սերժին ու ՀՀԿ-ին եք մերժել, այլ՝ ինքներդ ձեզ, ձեր պապերին ու հայրերին, ձեր զավակներին ու թոռներին եք մերժել: Ձեր իրական անկախությունն ու անվտանգությունն եք մերժել, ձեր Արցախն եք մերժել, ձեր Սրբադասված 1,5 միլիոն զոհերի հիշատակն եք մերժել: Ձեր հայկական ինքնությունն ու արժանապատվությունն եք մերժել, ձեր հաղթանակած բանակի մարտական ուղին եք մերժել: Եվ, վերջապես, ձեր բանականությունը, տրամաբանությունն ու ներազգային համերաշխությունն եք մերժել:

Լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Դարձել ենք առանց Արցախի, առանց երաշխավորված անվտանգության, առանց համազգային համերաշխության, առանց ազգային արժանապատվության՝ պարտված ու քաղաքականապես կողոպտված պետություն:

Ի՞նչ ունեք աշխարհին ասելու...

Ունե՞ք աշխարհին ասելիք, թե Արցախը պաշտոնապես հանձնելուց հետո եկել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պաշտոնապես ուրանալու ժամանակը»:

1/2644
bottom of page