Կառավարությունը հաստատեց Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը
- Arnold Gevorgyan
- 8 hours ago
- 2 min read
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը։
Նախագծով առաջարկվում է սահմանել գենդերային հավասարության քաղաքականության ապահովման վեց գերակայություններ։
Գերակայություն 1
Կառավարման բոլոր ոլորտներում եւ որոշումների ընդունման մակարդակում գենդերային խտրականության հաղթահարում. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց եւ տղամարդկանց հավասար ու լիարժեք մասնակցության հնարավորությունների ապահովում եւ ընդլայնում– սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու պետական քաղաքականության և կառավարման բոլոր ոլորտներում գենդերային հավասարության հասնելուն, մասնավորապես՝ մասնակցային, ներառական և հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն, որտեղ կանայք և տղամարդիկ, այդ թվում՝ տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչները, կարող են ակտիվորեն և լիարժեք մասնակցել և հավասարապես նշանակալից ազդեցություն ունենալ կառավարման մակարդակում և որոշումների կայացման գործընթացների վրա:
Գերակայություն 2
Սոցիալ-տնտեսական բնագավառում՝ աշխատաշուկայում, տնտեսության տարբեր ճյուղերում, աշխատանքային գործունեության մեջ գենդերազգայուն մոտեցումների խրախուսում, աշխատուժի գենդերային խզվածքի նվազում և աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավում- սույն գերակայության շրջանակում նախանշված միջոցառումներն ուղղված են լինելու աշխատաշուկայի, զբաղվածության, տնտեսության ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի սեռային խզվածքի նվազեցմանը, կանանց սոցիալ-տնտեսական ակտիվության խրախուսմանը և աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավմանը, ներառյալ` աշխատանքային գործունեության մեջ խնամառության աշխատանքի պաշտպանությանը։ Այս գերակայության շրջանակում կարևորվում է (երիտասարդ) կանանց և (երիտասարդ) տղամարդկանց սոցիալ-տնտեսական կյանքում հավասար ներգրավվածության և առաջխաղացման խթանումը։
Գերակայություն 3
Կրթության և գիտության ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց և տղամարդկանց լիարժեք մասնակցության խթանում, հավասար հնարավորությունների ընդլայնում - սույն գերակայության շրջանակում նախանշված միջոցառումներն ուղղված են լինելու ոլորտում աղջիկների և տղաների, կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածությանն ու արդյունավետ մասնակացությանը՝ հանուն անհատի ներուժի բացահայտման և զարգացման, ինչպես նաև հասարակության և պետության առաջխաղացման։
Գերակայություն 4
Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովում - սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու մեծացնել կանանց հասանելիությունը հիմնական առողջապահական և վերարտադրողական առողջապահական ծառայություններին, հատկապես խոցելի խմբերի, գյուղական բնակավայրերի կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց և էթնիկ փոքրամասնությունների խմբերին պատկանող կանանց համար, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող հատկացումները մեծացնելու և առողջության պարտադիր ապահովագրության համակարգում ներառելու ճանապարհով։
Գերակայաություն 5
Գենդերային բռնության և խտրականության կանխարգելում ու հաղթահարում, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանություն և աջակցություն։ Սույն գերակայության բոլոր ջանքերն ուղղված են լինելու ավելի ապահով և անվտանգ միջավայր և հասարակաություն ստեղծելուն՝ բոլոր կանանց և աղջիկների համար, ինչպես նաև կանխելուն ցանկացած տեսակի բռնություն և աջակցելուն որևէ տեսակի բռնության ենթարկված անձանց, մասնավորապես՝ կանանց և աղջիկներին, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության հաղթահարմանը։
Գերակայություն 6
Կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն և գենդերարձագանքող մոտեցումների ձևավորում, ներառական սկզբունքների ապահովում և իրազեկվածության բարձրացում - սույն գերակայության բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային և սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը ու գենդեր-արձագանքող մոտեցումների ներդրմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանայք են, այս հանգամանքը շատ կարևոր է, որ այդ ներուժը լիարժեք կերպով օգտագործվի։