Իրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանի և Հնդկաստանի միջև պաշտպանական և ռազմական համագործակցության զարգացումը կարող է նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության մեծացմանը։
Աստանայում Հնդկաստանի պաշտպանության նախարար Գիրիդհար Արամանեի հետ հանդիպմանը Աշտիանին ասել է, որ երկու երկրները գտնվում են ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանում, հաղորդում է Press TV-ն։
Հանդիպումը կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների պաշտպանության նախարարների 21-րդ նստաշրջանի շրջանակում։
«Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության բազմաթիվ հնարավորությունները կարող են օգտագործվել Արևմտյան Ասիայի և Հնդկական թերակղզու զգայուն տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար»,- հավելել է նա:
Իրանի պաշտպանության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ Թեհրանն ու Նյու Դելին պետք է ամրապնդեն համագործակցությունը՝ կանխելու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերածնունդը՝ կոչ անելով երկու կողմերին լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Հնդկաստանի պաշտպանության նախարարն իր հերթին ցավակցություն է հայտնել Սիրիայում իրանցի ռազմական խորհրդականների սպանության կապակցությամբ և ընդգծել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ամրապնդման կարևորությունը։
Արամանեն կոչ է արել զարգացնել երկկողմ համագործակցությունը ծովային ոլորտում, մասնակցել ռազմածովային զորավարժություններին, պաշտպանական հետազոտություններին, ինչպես նաև համագործակցել կրթության ասպարեզում, հայտնում է Mehr-ը։