top of page

Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները

Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան դերասաններ Էնթոնի Հոփքինսի, Ադամ Բրոուդիի, Աննա Ֆարիսի և մի շարք այլ աստղերի տներ, հաղորդում է ամերիկյան Page Six պարբերականը։

«Այրվել է Ադամ Բրոուդիի և Լեյթոն Միսթերի 6,5 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը, Աննա Ֆարիսը նույնպես կորցրել է իր բազմամիլիոնանոց առանձնատունը հրդեհի պատճառով։ Էնթոնի Հոփքինսի տնից հրդեհից հետո փլատակներ են մնացել»,- նշված է պարբերականի հրապարակման մեջ:

Իրենց տներն են կորցրել նաև դերասաններ Մայլս Թելլերը, Յուջին Լևին, Բիլի Քրիսթալը, Ջոն Գուդմենը և այլ աստղեր։ Նրանք տարհանվել են։

Assotiated Press գործակալությունն էլ հայտնում է, որ 6-ից ավելի դպրոցներ են վնասվել կամ ամբողջությամբ հրո ճարակ դարձել։

Լոս Անջելեսի տարածքում տասնյակ հազարավոր բնակիչների պարտադիր տարհանելու հրաման է կիրառվել: Տեղի հրշեջ ծառայության ղեկավարը գործակալությանն ասել է, որ իրավիճակը բարդանում է ուժեղ քամիների հետևանքով, կրակի մարման համար հնարավոր չէ ավիացիա կիրառել։

Լոս Անջելեսի տարածքում բռնկված այս հրդեհը մասնագետների կողմից արդեն իսկ գնահատվել է որպես ամենախոշորն ու աղետաբերը՝ պատմության ընթացքում։

1/2320
bottom of page