Փաշինյանն ու ՄԱԿ-ի պաշտոնյան քննարկել են Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կազմակերպման ընթացքն ու առաջիկա անելիքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին:
Վարչապետը ողջունել է տիկին Շումեյքերի այցը և նշել, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվ համագործակցությունը և աջակցությունը՝ նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ միջոցառումը լավագույնս անցկացնելու համար:
Աստրիդ Շումեյքերի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգում է Վարչապետի աշխատակազմը՝ վստահություն է հաղորդում, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը հավելել է, որ միջոցառման անցկացման նախաձեռնությունը վկայում է կենսաբազմազանության ոլորտի օրակարգն առաջ մղելու գործում ՀՀ Կառավարության շահագրգռվածության մասին:
Զրուցակիցները քննարկել են COP17-ի օրակարգին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին վերաբերող հարցեր: