top of page

«Ժողովուրդ». Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել այն երջանիկ հեղափոխականների կենսամակարդակի աճի տվյալները, որոնք հակասում են տնտեսագիտական բոլոր հայտնի եւ անհայտ նորմերին։

ՔՊ խմբակցությունում կա մի պատգամավոր՝ Ալխաս Ղազարյան, ով, ըստ պաշտոնական կենսագրության, մինչեւ մանդատ ստանալը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտից վարձատրվում էր գիտնականի համեստ աշխատավարձով` տարեկան 300-600 հազար դրամի սահմաններում:

Զարմանալին այն է, որ ԳԱԱ-ին զուգահեռ ստանձնելով ԱԺ պատգամավորի բազմազբաղ աշխատանքը՝ տրամաբանորեն ԳԱԱ-ում պետք է նվազեր Ղազարյանի աշխատավարձը, կամ գոնե մնար նույնը, քանի որ «պատգամավոր գիտաշխատողը» եւ «պարապ գիտաշխատողը» տարբեր օրակարգեր ու զբաղվածություն ունեն: Բայց Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը (եկամուտը) հատել է 2 միլիոն դրամի շեմը՝ նախկին 300 հազարի փոխարեն։

Միաժամանակ, Մարտունու Վաղաշեն գյուղում ծնված-մեծացած Ալխաս Ղազարյանը, ինչպես ցանկացած հեղափոխական ՔՊ-ական, 2023 թվականին 30.8 միլիոն դրամով ձեռք է բերել բնակարան Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։

Առավել զարմանահրաշ են Ղազարյանին փոխկապակցված անձի՝ եղբոր՝ Դավիթ Ղազարյանի հետհեղափոխական հաջողությունները։

Եթե այն ժամանակ, երբ քույրը պաշտոն էր ստանձնում, Դավիթ Ղազարյանի տարեկան եկամուտը 5 միլիոն դրամ էր, մեկ տարի անց անհատ ձեռնարկատեր Դավիթ Ղազարյանը տարին ավարտել է 26.5 միլիոն դրամ եկամուտով, իսկ ամենաանհասկանալին՝ անհատ ձեռնարկատեր Ղազարյանը, թողնելով այս եկամուտները, 2023 թվականին տեղափոխվել է վարչապետի աշխատակազմ` չինովնիկի համեստ աշատավարձ ստանալու։ Անհավատալի զարգացումներ»:

bottom of page