Որևէ կոալիցիոն բանակցություններ չենք վարելու. Լևոն Բարսեղյան
- Lida Nalbandyan
- 6 days ago
- 1 min read
Եվրադաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը ընտրողների մասնակցությունը նորմալ է գնահատում։ 31/56 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասել է, որ կանխատեսում է 33-35 տոկոս մասնակցությունը։ Սա, ըստ նրա, բարձր մասնակցություն է։ Քանի որ այս ընտրություններում քաղաքական ուժերն ակտիվ են, սա էլ բերելու է ընտրողների ակտիվության, ասել է քաղաքապետի թեկնածուն։
Եվրադաշինքը ընտրություններին հաջողության հասնելու դեպքում չի պատրաստվում որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել, բայց համագործակցել կարող են, քանի որ ավագանու անդամ ուժերը այսպես թե այնպես համագործակցելու են եւ դա օրենքի պահանջ է։
Լևոն Բարսեղյանն անհավանական է համարում, որ ընտրություններին մասնակցող որևէ ուժ կհավաքի ավագանու ձայների կեսից ավելին՝ 17 և ավելի ձայն։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։