Ձվից ալերգիան ու դրանից բխող բարդությունները՝ երեխաների մոտ
Հավկիթից ալերգիան երեխաների շրջանում գրանցվող ալերգիաների ամենատարածված տեսակն է:
Այն սովորաբար ի հայտ է գալիս երեխայի փոքր տարիքում։ Բարեբախտաբար, երեխաների մեծ մասը հաղթարում է ալերգիայի այս տեսակը մինչև դպրոցական տարիքին հասնելը: Այնուամենայնիվ, քանի դեռ երեխայի մոտ ձվից կամ ձու պարունակող սննդատեսակներից առաջանում են ալերգիայի ախտանիշներ, պետք է նրա սննակարգից բացառել դրանք:
Տիպիկ դեպքերում ալերգիկ ռեակցիաների պատճառ է դառնում ձվի սպիտակուցը, սակայն ձվի դեղնուցը նույնպես կարող է հանդես գալ որպես ալերգեն:
Հավանական է նաև, որ հում, քիչ խաշած կամ թվածքներում առկա քիչ քանակությամբ ձուն առաջացնի ալերգիկ ռեակցիա:
Նորածնի արդեն 6 ամսական տարիքում, եթե շարունակվում է կրծքի կաթով կերակրումը, պետք է սկսել տարբեր տեսակի մթերքների, այդ թվում՝ եփած ձվի փորձարկումը: Շատ կարևոր է, որ երեխային տրվի եփած ձու, քանի որ հում ձուն կարող է պարունակել բակտերիաներ:
Ինչպես բոլոր նոր սննդամթերքների, այնպես էլ ձվի դեպքում ավելի լավ է եփած ձուն փորձել առանց որևէ այլ սննդամթերքի կամ, ծայրահեղ դեպքում, երեխային արդեն հայտնի սննդատեսակների հետ: Նման դեպքում կարելի է հեշտությամբ արձանագրել որևէ կողմնակի ռեակցիա, որը կարող է վկայել ալերգիկայի մասին։
Ձվից ալերգիայի նշանները սովորաբար սկսվում են ձու կամ ձու պարունակող մթերք ընդունելուց րոպեներ հետո: Երբեմն ալերգիայի նշանները կարող են հետաձգվել մինչև մի քանի ժամ:
Թեթև ախտանիշներից են՝
եղնջացան,
դեմքի, շրթունքների կամ կոպերի այտուցվածություն,
քթի փակվածություն, քթահոսություն կամ փռշտոց,
բերանում ծակծկոցներ,
մարսողական խնդիրներ՝ որովայնային կծկանքներ, սրտխառնոց կամ փսխում:
Ավելի ծանր դեպքերում կարող են զարգանալ ասթմայի նոպա հիշեցնող անաֆիլաքսիայի նշաններ, այդ թվում՝
դժվարացած շնչառություն կամ սուր շնչարգելություն և հևոց,
լեզվի կամ ըմպան-կոկորդի այտուց,
ձայնի խռպոտում կամ խոսքի դժվարացում,
շնչելիս խզզոցներ կամ կայուն հազ,
մաշկային ծածկույթների գունատություն և կպչուն քրտինք,
գլխապտույտ կամ արյան ճնշման կտրուկ անկում:
Կարևոր է իմանալ, որ սննդամթերքի պիտակում որպես բաղադրիչ կարող է ոչ թե ուղղակիորեն նշված լինել ձու, այլ դրանում պարունակվող սպիտակուցները, օրինակ՝ ալբումին, գլոբուլին, լեյցիտին, լիվետին, լիզոզիմ, վիտելին, «օվա» կամ «օվո» նախածանցներով սկսվող բառեր (օրինակ՝ օվալբումին, օվոգլոբուլին). Զգուշացեք նաև այս բաղադրիչներից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն