top of page

Քանի՞ վարորդ է ոչ սթափ վիճակում վարել ավտոմեքենա տոնական օրերին

Ամանորյա օրերին, ցավոք, հանրապետությունում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, որոնցից շատերի դեպքում պարեկներն արձանագրել են ոչ սթափ վիճակում մեքենան վարող վարորդների:

Քանի՞ վարորդ են պարեկներն այս օրերին հայտնաբերել ոչ սթափ վիճակում. MediaHub-ն այս հարցն ուղղեց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին:

«ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը հայտնաբերել են ոչ սթափ վիճակում գտնվող 259 վարորդի, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, 40 վարորդ զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Բացի այդ, պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 107 տրանսպորտային միջոց։ Նույն ժամանակահատվածում պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 18 դեպք, 1 անձ էլ ձերբակալվել է կաշառք առաջարկելու համար»,- նշեց Սարգսյանը։

Հավելելով՝ նա ասաց, որ նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 40 ՃՏՊ, 80 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Զոհեր, բարեբախտաբար, չեն եղել։

Բացի այս, դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը ՆԳՆ փրկարար ծառայությունում արձանագրվել է  եղանակային տարբեր գործոններով պայմանավորված տրանսպորտային միջոցների արգելափակման 16  դեպք, բոլոր՝ 16 տրանսպորտային միջոցները դուրս են բերվել արգելափակումից, անվտանգ տարածք է տեղափոխվել 40 մարդ: 

Արգելափակման դեպքերը գրանցվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի և Կոտայքի մարզերում:

bottom of page