top of page

Նիկոլ Փաշինյանի աջակիցների կողմից թիրախավորված լրագրողները հաղթել են դատարանում

Նիկոլ Փաշինյանի ասուլիսներից մեկի ընթացքում լրագրողներ Անի Գևորգյանը և Հռիփսիմե Ջեբեջյանը՝ Փաշինյանին սուր հարցադրումներ հնչեցնելու համար սոցիալական ցանցերում թիրախավորվել են ՔՊ-ի աջակիցների կողմից, հնչել են վիրավորանքներ, սպառնալիքներ, ընդհուպ՝ սպառնացել են անգամ նրանց մանկահասակ երեխաներին։ Լրագրողները դատական գործընթաց են սկսել՝ բարձրացնելով իրենց դեմ արշավ իրականացնող անձանց պատասխանատվության հարցը, գրում է «Փաստինֆո»-ն:

«Դրանից հետո մենք սկսեցինք դատական գործընթացներ, վիրավորնքի հետ կապված քաղհայցեր ներկայացրեցինք։ Մինչ օրս նման հայցեր չեն եղել, լրագրողները հանդուրժել են իրենց հասցեին վիրավորանքները, զրպարտանքները։ Անհանդուրժելի էր այլևս լրագրողների նկատմամբ ոտնձգությունները, մենք որոշեցինք նախադեպ ստեղծել»,- հրավիրված ասուլիսում ասաց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը՝ նշելով, որ լրագրողներին հաճախ են մեղադրում պատվերով նյութեր գրելու համար, արդեն ուշադրություն չեն դարձնում, թեև անընդունելի է, սակայն այդ ասուլիսից հետո բառապաշարն առավել անթույլատրելի էր, նրանց անվանել են «լիրբ», գրել՝ «ոնց կգցեի քեզ քացուս տակ», այդ պատճառով էլ հայցեր են ներկայացրել, որ նոր մեղադրանքների չսովորեն, դրանք սովորույթ չդառնան։«Այսօր պետք է ասեմ, որ երկու գործով՝ Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի ու Խաժակ Թանանյանի, որոնք երկուսն էլ իշխանական աջակիցներ են, մենք հաղթել ենք, արդար դատավճիռ է կայացվել։ Սրանք նաև նախադեպային են»,-ասաց նա՝ մանրամասնելով, որ ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի գործով դատավոր Նոնա Գալստյանը մասնակի է բավարարել պահանջը՝ որոշում կայացնելով, որ Դիանա Մարտիրոսյանը պետք է ներողություն խնդրի ու վճարի 70 հզ դրամ պահանջվող 400 հազարի փոխարեն, իսկ Խաժակ Թանանյանի գործով դատավոր Սարգիս Արմենակյանն ամբողջությամբ բավարարել է հայցը. Թանանյանը պետք է ներողություն խնդրի ու վճարի 400 հազար ՀՀ դրամ։

Ի դեպ, Դիաննա Մարտիրոսյանը Ջեբեջյանի մասին գրել էր. «Ոնց կգցեի քեզ քացուս տակ, այ լիրբ»։ Հանցագործության մասին հաղորդումներ ևս ներկայացվել են, նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնցով Անի Գևորգյանը և Հռիփսիմե Ջեբեջյանը տուժող են ճանաչվել, բայց գործն արդեն մեկ տարի է՝ տեղում է դոփում, որևէ առաջընթաց չկա։Անի Գևորգյանն էլ հիշեցրեց, որ Դիաննա Մարտիրոսյանը փողոցում փորձել է սպառնալիքներն իրագործել։ Դիանա Մարտիրոսյանի դեմ հայց է ներկայացվել, շուտով՝ կլինի որոշում։

Նա նաև հայտնեց, որ մոնիտորինգ է իրականացրել ու նկատել, որ իրենց ներկայացրած քաղհայցերի վերաբերյալ գրառումները, իրենց հասցեին մեկնաբանություններն իշխանության աջակիցները սկսել են ջնջել։

«Եթե կարող ենք ասել, որ քաղգործերով ունենք բարվոք վիճակ, ապա քրեական գործերով պատկերը շատ վատ է։ Օրինակ, քրեական գործերից մեկով ես տուժող եմ, իմ նկատմամբ եղել է ֆիզիկական ներգործություն, բայց որևէ մեղադրանք չկա։ Ես առանձին հանդիպում եմ ունեցել ՆԳ նախարարի հետ, խնդրել եմ հայտնաբերեն այն մարդուն, որ օրը ցերեկով ուղիղ եթերում հարվածել էր ինձ ու իմ օպերատորին։ Սա էլ է տարօրինակ, շշով հարվածել են օպերատորին, օպերատորը տուժողի կարգավիճակ չունի»,-ասաց Անի Գևորգյանը։

Բացի այդ, քրեական վարույթ կա նախաձեռնված նաև Կիրանցում՝ Անի Գևորգյանի օպերատորին հատուկ ծառայության աշխատակիցների կողմից զգետնելու դեպքով, օպերատորը տուժող է ճանաչվել։

bottom of page