Վթարաշատ, մաhաբեր տարի. քանի՞ ՃՏՊ է եղել 2024թ–ին
Գնալով լրահոսում ավելի շատ են հայտնվում ցավալի լուրերը, ցավոք, արդեն սովորական է դարձել կարդալ այն մասին, թե ավտովթար է տեղի ունեցել կամ վրաերթ՝ մահվան ելքով:
Պաշտոնական վիճակագրությունն էլ վկայում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է. գրեթե ամեն օր, կարելի է ասել, 2–4–ից պատահար է տեղի ունենում օրվա տարբեր ժամերին:
Ամփոփելով 2024թ․–ը՝ MediaHub-ը հարցում էր ուղարկել ՆԳՆ՝ հասկանալու, թե քանի՞ ճանապարհատրանսպորտային պատահար է եղել այս տարի, ինչը մեզ թույլ տվեց համեմատական անցկացնել 2023թ․–ի հետ։
Եվ այսպես, ՆԳՆ–ից MediaHub-ի հարցմանը պատասխանեցին․ «2023 թվականի հունվարի 1–ից մինչև դեկտեմբերի 16–ը ՀՀ ավտոճանապարհներին արձանագրվել է մարմնական վնասվածքի և մահվան ելքով 4377 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 363 մարդ։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 4148 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 317 մարդ»։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2023թ–ի համեմատ ավելացել է: Ավելացել են նաև մահերը:
Վիճակագրությունն իսկապես մտահոգիչ է. օրինակ, ըստ ՆԳՆ–ի՝ միայն դեկտեմբերի 24-ից 25-ը, այսինքն 1 օրվա ընթացքում, հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դեկտեմբերի 26-ից 27-ը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Եվ այսպիսին է պատկերը գրեթե ամեն օր։
MediaHub-ը ևս հորդորում է վարորդներին զգույշ վարել, լինել ուշադիր ճանապարհներին, հատկապես ձմռան ամիսներին, և չմոռանալ ամրակապվել: