top of page

Մեր պատմության այս բեկումնային փուլում, առավել քան երբևէ, հրամայական է ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդումը․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ․

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,Սիրելի՛ հայրենակիցներ,Աշխարհասփյուռ հայություն,2025 թվականի նորամուտին՝ ցանկանում եմ ջերմ ողջույններս և բարեմաղթանքներս հղել ձեզ:Ամանորը յուրահատուկ պահ է և լավ առիթ վերլուծելու անցած տարին և նոր ծրագրերով, գաղափարներով և նպատակներով առաջ նայելու համար:Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին և արտաքին տարաբնույթ մարտահրավերները, առավել քան երբևէ հրամայական է ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդումը:Սա պահանջում է մեզանից համազգային համախմբում, միասնական տեսլական և հստակ ռազմավարություն՝ ուղղված մեր պետության և ժողովրդի ներուժի լիարժեք իրականացմանը, միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը:Յուրաքանչյուր քաղաքացու դերն անփոխարինելի է այս գործում:Միայն բոլորիս համատեղ կամքով, վճռականությամբ և նպատակասլաց գործողություններով կարող ենք կերտել անվտանգ, կայուն և զարգացող Հայաստան՝ պահպանելով մեր ազգային արժեքներն ու ինքնությունը, միաժամանակ արդիականացնելով մեր պետությունը համաշխարհային զարգացումներին համահունչ:Այս նպատակին հասնելու համար մեր երկրին հարկավոր են անձնվեր, պետական ու քաղաքացիական բարձր մտածողությամբ, պատասխանատու և արհեստավարժ մասնագետներ բոլոր ոլորտներում:Նրանք, ովքեր իրենց գիտելիքներն ու հմտությունները կներդնեն ոչ միայն սեփական ոլորտի, այլև պետության անվտանգության և կայուն զարգացման գործում:Սա ենթադրում է ռազմավարական մտածողության զարգացում, միջազգային համագործակցության ընդլայնում և հարևան երկրների հետ կառուցողական երկխոսության խորացում:Մեր պետությունը, ինչպես և յուրաքանչյուր երկիր, իր ուրույն տեղն ու դերն ունի աշխարհի քարտեզի վրա՝ անկախ ֆիզիկական չափումներից:Մենք պետք է գործենք ելնելով իրական Հայաստանի հնարավորություններից, գնահատելով մեր ռեսուրսները և ճիշտ ուղղորդելով մեր ջանքերը:Մեր հարուստ պատմությունը և մշակութային ժառանգությունը մեզ ուժ են տալիս և ոգևորում, որպեսզի մեր սթափ հայացքը ուղղված լինի դեպի ներկա ու ապագա՝ միտված ժամանակակից և մրցունակ պետություն կառուցելուն:Հավատացած եմ, որ միասնական ջանքերով, պատասխանատու վերաբերմունքով և անընդհատ կատարելագործման ձգտումով կարող ենք հաղթահարել այս բոլոր մարտահրավերները:Մեր ժողովրդի իմաստությունը, աշխատասիրությունը և անկոտրում ոգին միշտ եղել ու մնում են մեր հաջողության գրավականը:Թող 2025 թվականը դառնա մեր պետականության ամրապնդման, անվտանգության զարգացման և նոր ձեռքբերումների տարի:Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում տիրի սերն ու համերաշխությունը, իսկ մեր երկրում՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում:Շնորհավոր Նոր տարի»:

1/2304
bottom of page