top of page

Բենզալցակայանի մոտ կայանված մեքենան հրդեհվել է. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարութան փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց ավտոմեքենա է այրվում:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  



Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բենզալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:  



Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  



Պարեկները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գագիկ Դավթյանին, ով 5 կգ-անոց գազաբալոնը լիցքավորել է նշված գազալցակայանում, դրել «Mercedes»-ի բենզախցիկը ու երբ ավտոմեքենայի շարժիչը միացրել է, գազի հոտ է զգացել, իջել է ավտոմեքենայից, նկատել է բեռնախցիկից դուրս եկող ծուխը ու բացել է այն, ինչից առաջացել է կրակի բոց, որի հետևանքով էլ կրակը վայրկյանական տարածվել է ավտոմեքենայով մեկ:  



Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ:



Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին:



SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը, որը արձանագրել է տեսախցիկը: 

bottom of page