top of page

Մենք դեռ գտնվում ենք խաչմերուկի վրա, պատմական ընտրության առաջ, և մեր այդ ընտրությունից է կախված մնացած բոլոր հարցերի կապակցությամբ մեր բովանդակային ընկալումը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

2024 թվականն ահա պատմություն է այլեւս: Բայց այդ պատմությունն առանձնանում է իր էությամբ ու բովանդակությամբ: 2024 թվականին ձեւավորվեց եւ այսօր, հիմա յուրաքանչյուրիդ առաջ է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Սա շրջադարձային կետ է մեր պատմության համար, որովհետեւ այդ գաղափարախոսությամբ առաջարկվում է այլ դիտանկյունից նայել ոչ այնքան եւ ոչ միայն մեր անցած ճանապարհին, այլեւ մեր ապագային: Առաջին հերթին՝ մեր ապագային:

Իրական Հայաստանի գաղափարախոսությունն առաջարկում է այլ դիտանկյունից նայել մեր պետությանը, նրա գործառնական նշանակությանը, մեր ներքին եւ արտաքին հարաբերություններին, մեր տարածաշրջանին ու աշխարհին, առաջարկում է, որ այլ դիտանկյունից նայենք ինքներս մեզ, որպես հավաքական ամբողջություն եւ մեզնից յուրաքանչյուրն ինքն իրեն, իր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերություններին:

Իրական Հայաստանը Խաղաղության մեր օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է ու հիմնավորումը, եւ ուղիղ եմ ուզում ասել, առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության Խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է:

Այսօր շատերն են հանդես գալիս հասկանալի հարցադրումով. իսկ որքանո՞վ է իրագործելի եւ իրատեսական Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ու դրա վրա հիմնված Խաղաղության օրակարգը:

2018 թվականի մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ եւ այլ գործընկերների հետ խորհրդակցելով, ձեզ ներկայացրի Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելու` իշխանության փոփոխություն, ի վերջո Հեղափոխություն իրականացնելու ծրագիրն ու հայեցակարգը, եւ այդ հայեցակարգի ներկայացման պահին հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դա որքան էլ ցանկալի, նույնքան անիրատեսական էր համարում, ըստ էության անհնար:

Բայց Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա Հեղափոխությունը տեղի ունեցավ՝ համարձակության, հետեւողականության, շրջահայացության, նախապես որդեգրված հստակ ռազմավարության ու մարտավարության, բայց նաեւ ճկունության եւ ստեղծագործականության, ինչպես նաեւ բոլորիդ աջակցության շնորհիվ:

Խաղաղության օրակարգի պարագայում իրավիճակը, իհարկե, նույնը չէ, որովհետեւ դրա իրագործումը կախված է ոչ միայն մեր ժողովրդից ու Կառավարությունից:

Բայց երկու իրավիճակները նման են այնքանով, որ ես առաջարկում եմ քննարկել եւ կենտրոնանալ մե՛ր եւ ոչ թե ուրիշների անելիքների եւ ասելիքների վրա, եւ սա հաջողության եթե ոչ երաշխիք, առնվազն էական պայման է:

Այդպես մենք վարվեցինք 2024 թվականի ապրիլ-մայիսին, երբ նախ Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրի Իրական Հայաստանի հայեցակարգը եւ մեր Կառավարությունը խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությամբ կարողացավ բավարար կամք եւ վճռականություն ցուցաբերել Բերքաբեր-Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատման, իմ գնահատմամբ, ճակատագրական գործընթացը մեկնարկելու համար:

Սիրելի՛ ժողովուրդ, սահմանազատման գործընթացը, ի հեճուկս բոլոր քննադատությունների, հաջողության պատմություն է, մեր պետության, անկախության, անվտանգության ու բարեկեցության կարեւորագույն անկյունաքար: Գնացեք եւ սեփական աչքերով տեսեք սահմանազատված Կիրանցը, եւ ձեզ համար պարզ կլինի, թե ինչ նկատի ունենք անկախություն, անվտանգություն ասելով, ինչ նկատի ունենք Իրական Հայաստան եւ Խաղաղության օրակարգ ասելով:

Գիտեմ, որ այսօր բազմաթիվ տներում եւ ընտանիքներում, համայնքներում եւ բնակավայրերում կան բազմաթիվ պրոբլեմներ, դրանցից շատերին Կառավարությունը լուծումներ է առաջարկել եւ կոնկրետ լուծումներ տվել, շատերը շարունակում են մնալ չլուծված: Վստահ եմ, ուղղակի կասկած չունեմ, այդ բոլոր խնդիրները հերթով կստանան իրենց լուծումը, եւ մենք հետեւողականորեն զբաղվելու ենք դրանց խորքային լուծմամբ:

Բայց տարեմուտի այս ուղերձում չեմ անդրադառնում այդ խնդիրներից ոչ մեկին ոչ թե նրա համար, որ չեմ ուզում արձանագրել, խորությամբ չեմ ըմբռնում դրանց կարևորությունը, այլ պարզապես այսօր ուզում եմ առավել ընդգծել այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք, դեռ գտնվում ենք խաչմերուկի վրա, ռազմավարական ու պատմական ընտրության առաջ եւ մեր այդ ընտրությունից է կախված մնացած բոլոր հարցերի կապակցությամբ մեր բովանդակային ընկալումը:

Իրական Հայաստանը՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, եւ այդ գաղափարախոսության առանցքային ընկալումն այն է, որ պետությունն իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունն ապահովելու, ինքնությունը պահպանելու եւ զարգացնելու գործիք է եւ ուրիշ ոչինչ: Եվ ուրիշ ոչինչ՝ չնայած այն ընդգրկում է գործնականում ամեն ինչ, և այդ ամեն ինչը տեղավորվում է վերը թվարկած իմ հասկացությունների մեջ, և անվտանգության, բարեկեցության, ազատության, երջանկության, ինքնության պահպանման և զարգացման այս նպատակին հասնելու մի ճանապարհ կա՝ կրթություն եւ աշխատանք, աշխատանք և կրթություն: Կրթություն եւ աշխատանք, նաեւ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, նրա նրբություններն ու երկընտրանքները, մարտահրավերներն ու հնարավորություններն ավելի ամբողջական եւ մանրամասն հասկանալու համար, որովհետեւ համոզված եմ՝ բոլոր այն պրոբլեմները, որ ունենում ենք եւ ունենք արտաքին եւ ներքին քաղաքականության ոլորտում, տնտեսության ու պետական կառավարման մեջ, իրավական, հանրային, քաղաքական բնագավառներում, այդ թվում՝ գաղափարախոսական վակուումի ու պատրաստության պակասության կամ հաճախ բացակայության հետեւանք են:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,

Սա իմ 7-րդ Ամանորյա ուղերձն է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Այդ ուղերձները հղվել են տարբեր իրավիճակներում, ունեցել են տարբեր տրամադրություններ՝ էյֆորիայից մինչեւ տրտմություն, բայց դրանց բոլորի հիմքում դրված է եղել ռազմավարական մի նպատակ. գտնել ճանապարհն ու բանաձեւը մեր պետության ու պետականության, անկախության և ինքնիշխանության ոչ միայն զարգացման, այլև հարատեւության համար:

Եվ համոզված եմ, այսօր համոզված եմ՝ այդ բանաձեւն ու գաղափարախոսությունը գտնված է, եւ դա Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ, որ մեզ հնարավորություն է տալիս իրագործել պետականության, անկախության հարատեւության օրակարգը, եւ այդ օրակարգի բարեհաջող իրագործումը կախված է նաեւ նրանից, թե մենք ինչքան եւ ինչպես կաշխատենք, թե մենք ինչքան եւ ինչպես կսովորենք պետություն ունենալ, հարատեւ պետություն ունենալ:

Իսկ աշխատանքը եւ կրթությունը փոխվելու ու վերափոխվելու մասին են, ավելի գրագետ, ավելի մրցունակ, ավելի իմացող, ավելի խորաթափանց լինելու մասին են՝ հիմնված պետության հարատեւության օրակարգից բխող անհրաժեշտությունների վրա:

Մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք: Սա է 2025 թվականի տարեմուտի իմ ուղերձի առանցքային ասելիքը, եւ այն, որ 2025 թվականը դիմավորում ենք էականորեն ավելի խաղաղ, էականորեն ավելի կայուն, էականորեն ավելի անվտանգ միջավայրում, էականորեն ավելի անկախ, էականորեն ավելի ինքնիշխան, էականորեն ավելի վստահ քան նախկինում, ահա այս ամենը Իրական Հայաստանի, աշխատանքի եւ կրթության, փոխվելու եւ վերափոխվելու ռազմավարության արդյունք է:

Այդ արդյունքը պետք է գնահատենք եւ այդ արդյունքը պետք է զարգացնենք, բայց սրա համար այդ արդյունքը նախ պետք է ճանաչենք, նախ պետք է տեսնենք: 2024 թվականը վերջին քսան տարվա համեմատության մեջ ամենախաղաղ եւ ամենահանգիստ տարին է եղել մեր երկրի համար, եւ այս փաստը, իրոք, պետք է խորությամբ ու լրջորեն վերլուծել: Այդ փաստի վրա հիմնվելով՝ պետք է ունենալ հաջորդ ավելի հանգիստ ու ավելի խաղաղ տարին, հետո երրորդ ավելի հանգիստ ու խաղաղ տարին, հետո հնգամյակը, հետո տասնամյակը, հետո հարյուրամյակը եւ այդպես շարունակ: Մենք գնում ենք այդ ճանապարհով, եւ սա է այն ճանապարհը, որով պիտի առաջնորդվենք եւ որով պիտի առաջնորդենք:

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը եւ շնորհավոր Նոր տարի:

1/2304
bottom of page