top of page

Արցախից պրծավ, հերթը Մեղրիինն է

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 26
  • 2 min read

Ոնց որ Արցախն էին տվել նախկինները, այնպես էլ Մեղրին։ Արցախից պրծան, հիմա անցել են Մեղրիին, ու կրկին նախկինների շորշոփի տակ ծղրտում են։ 

Լավ, եթե Արցախը տվել էին, բա էն ո՞վ էր, որ աղիքները գալարվելով պատեպատ էր տալիս իրեն, թե՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Լավ, եթե Արցախը 1991 թ.-ին տվել էին, ապա 1991-94 թթ-ին ինչի՞ համար էին կռվում, թե՞ կռվում էին, որ 5000 հոգի սպանեն, նոր տա՞ն, որ տասնյակ հազարավոր տղաների ճակատագիր խորտակեն, նոր տա՞ն, ժողովրդին անտերության ու գերության մեջ թողնեին ու հետո նոր տայի՞ն.... 

Լավ, բա որ Արցախը տվել էին, բա ինչո՞ւ էիր հայտարարում՝ «ես բանակցությունները սկսում եմ իմ կետից», «ոնց ուզում, ինչ ուզում, այն էլ բանակցում եմ», «զրոյական կետից եմ սկսում», ու այս ամենից հետո դեռ ազգակործանը իշխանություն է, շարունակում է ժողովրդի ականջին լապշա կախել, ու անցել է Մեղրիին։ Եթե Մեղրին տվել են, հազար անգամ ասացինք՝ թուղթն ո՞ւր է, ո՞ր թղթի, ո՞ր պայմանագրի, ո՞ր համաձայնագրի արդյունքում են տվել։ Իրականում ոչ մի թուղթ էլ չկա, բայց ինչպես Արցախի դեպքում, այնպես էլ Մեղրիի անելու է այնպես, որ եթե այս կողմին չլռեցնի, ապա թշնամուն, ոնց լինի, հարձակման ու կրկին զոհերի հաշվին կնվիրաբերի Մեղրին։ Ի՞նչ է եղել որ, մի 1000 հոգու էլ Մեղրին հանձնելու համար մատաղ կանի, մի մատ երեխաների...

Բոլոր կողմերից այս թշնամական քաղաքականություն վարող իշխանությունը կարող է, քանի դեռ պատիժ որպես այդպիսին չկա, իսկ ո՞վ պետք է պատժի։ Գլխավոր դատախա՞զը, որ Նիկոլ-Աննա զույգի քիփն է, թե՞ դատարանը, որ Նիկոլ-Աննա զույգի գրպանում է։ Իհարկե, հիմա ոչ ոք, իսկ եթե Հայաստանից մի կտոր պատահմամբ մնա, ու իշխանություն փոխվի, ապա մենք ականատեսն ու վկան ենք դառնալու տիեզերական մասշտաբի հանցագործի ու դրա շուրջինների բարբարոսությանն ու դավաճանությանը։ 

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի բանտերում դատում են, անհետ կորածներից այդպես էլ ոչ մի լուր, դեռ անթաղ մարմիններ կան տարիներ անց, Հայաստանը մաս-մաս բաժանել ու անկլավի տակ նվեր են անում թշնամուն, արցախահայությանը, որ տնից, ապրուստից, իրենց երեխաների, ծնողների, հարազատների շիրիմներից անգամ զրկեց, թողել է անտերության մեջ, որ Հայաստանից էլ թողնեն ու գնան, կտրում է օգնությունը, պատճառաբանելով, թե կարող են աշխատել ու ապրել։ Այն դեպքում, որ ՀՀ անձնագիր ունենալու պարագայում էլ այդ մարդկանց սորտավորում են, թե՝ արցախցի ես` տեղ չունես։ Ոչ գործ ունեն այդ մարդիկ, ոչ տուն ու տեղ։ 

Բոլորը մեղավոր են, բոլորին մեղադրում են հնարավոր բոլոր վարկածներով, բացի մեկ մարդուց, որը “մեղավոր չի”, որ իշխանության աթոռին նստած` աթոռը պահելու համար պատրաստ է ամբողջ Հայաստանը նվիրաբերել թշնամուն։ Փաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից, այն ժողովրդից, որ 2018թ.-ին մոլորեցնելու արդյունքում եկավ իշխանության։

bottom of page