ԻՆՉ ԿԱՆԵՆ, ԵԹԵ ՆՈՐԻՑ ՀԱՆԴԻՊԵՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
- Arnold Gevorgyan
- 6 hours ago
- 1 min read
Ժիրայր Սեֆիլյանի «Ազգային ժողովրդական բևեռի» անդամներին տարվա սկզբին պարբերաբար կանչում էին Քննչական կոմիտե հարցաքննության` 2024 թվականի «Ապրիլի 24»֊ի գործով։ Հիշեցնենք, խոսքն այն մասին էր, որ Բեւեռի ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հանդիպելով Աննա Հակոբյանին` ռեպլիկներ էին հնչեցրել նրա ամուսնու հասցեին, ինչը իրավապահ մարմինները գնահատել էին որպես Փաշինյանի կնոջն ու աղջկան ուղղված հանցագործություն` նրանց արժանապատվությունը նվաստացնող եւ հոգեկան տառապանքներ պատճառող գործողություններ եւ քրեական վարույթ էին հարուցել, անգամ մարդիկ էին կալանավորել:
Նրանց թվում էր նաեւ Բեւեռի անդամ Գևորգ Սաֆարյանը։ «Հրապարակի» հետ զրույցում Սաֆարյանը` խոսելով գործի քննությունից, ասաց. «Նախաքննության ավարտի վերաբերյալ ես տեղեկություն չունեմ, կարծում եմ, որ ավարտված չէ»։ Սակայն գործի քննությունն ավարտված է, մենք վերջերս այդ մասին հրապարակում ունեինք:
Հարցին, թե այս անգամ ակցիա պլանավորո՞ւմ են անել եւ կամ ի՞նչ կանեն, եթե կրկին հուշահամալիրում տեսնեն Աննա Հակոբյանին, նա պատասխանեց. «Վաղը մենք այցելելու ենք Ծիծեռնակաբերդ` մեր հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության զոհերին։ Ինչպես անցած անգամ այդպիսի ակցիա չի եղել պլանավորված, այնպես էլ այս անգամ չկա։ Դա եղել է մարդկանց ինքնաբուխ գործողություն և յուրաքանչյուրն ինքը կորոշի, թե ինչպես արձագանքի, եթե հանդիպի այդ կնոջը»: