top of page

Ինչպես են տեխնոլոգիաները փոխում բանկային ոլորտը․ Վադիմ Գերասսիմենկո Ամիօ բանկի գլխավոր տեղեկատվական տնօրեն


Հարցազրույց Ամիօ բանկի գլխավոր տեղեկատվական տնօրեն Վադիմ Գերասսիմենկոյի հետ՝ AMIO Pulse նախագծի շրջանակում։


Բանկային ինդուստրիան հեղափոխվում է ֆինտեխ նորարարությունների շնորհիվ՝ բլոկչեյն, ԱԲ, բաց բանկինգ: Ձեր կարծիքով, սրանցից ո՞րն ունի առավել մեծ ներուժ Ամիօ բանկի գործելաոճում փոփոխություններ անելու համար:


– Ամենամեծ ներուժը, իմ կարծիքով, ունեն բլոկչեյնն ու կրիպտոարժույթները։ Սա իրական հեղափոխություն է, որը փոխում է համաշխարհային տնտեսության հիմքերը և այն տեղի է ունենում ավելի արագ, քան սպասվում էր։ Բլոկչեյնի տեխնոլոգիան արդեն իսկ զգալի ազդեցություն ունի ֆինանսական հատվածի վրա, և մեր բանկի համար դրա հեռանկարները հսկայական են:

Երբ Հայաստանում օրենսդրական մակարդակով թույլատրվի կրիպտոարժույթների շրջանառությունը, մենք զգալի ռեսուրսներ կուղղենք այս ոլորտի զարգացմանը և հաճախորդներին կառաջարկենք բարձրորակ ծառայություններ:


– Տեխնոլոգիաները զարգանում են անասելի արագությամբ։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը Ամիօ բանկի ՏՏ բաժնի համար առաջիկա 5 տարիների ընթացքում և ինչպե՞ս այն կվերափոխի հաճախորդների բանկային փորձառությունը։


– Մենք կշարունակենք զարգացնել մոբայլ և ինտերնետ բանկինգը՝ որպես թվային վերափոխման հիմնական գործիքներ: Մեր նպատակն է հաճախորդներին ապահովել բանկային ծառայությունների ամբողջական հասանելիություն՝ ինտուիտիվ հասկանալի և ապահով թվային հարթակների միջոցով:

Հատուկ ուշադրություն ենք դարձնում API-ներին և միկրոծառայություններին։ Ակտիվորեն օգտագործում ենք ավտոմատ կառավարման համակարգեր, հավելվածների տեղակայում և մասշտաբավորում՝ հնարավոր դարձնելով կատարել խափանումների հաճախականությունը նվազեցնող թարմացումներ։ Մեծ ուշադրություն ենք դարձնում մոնիտորինգին և տվյալների պաշտպանությանը՝ փոխգործակցության բոլոր մակարդակներում անվտանգությունը երաշխավորելու համար:

Արհեստական ​​բանականությունն արդեն օգտագործում ենք և աստիճանաբար կընդլայնենք դրա օգտագործումը։ Մեր չատբոտը յուրաքանչյուր թարմացումից հետո դառնում է ավելի խելացի և շատ հարցերում փոխարինում է օպերատորին՝ նվազեցնելով զանգերի կենտրոնի ծանրաբեռնվածությունը: Ապագայում ԱԲ-ն կվերլուծի տվյալները՝ անհատականացված առաջարկներ ստեղծելու և բիզնես ռիսկերը բացահայտելու համար:


Որպես ՏՏ բաժնի ղեկավար՝ ի՞նչ որակներ եք փնտրում Ձեր թիմի անդամների մեջ:


– Ազնվությունն իմ թիմի համար ամենակարևոր հատկանիշն եմ համարում։ Դա վստահության հիմքն է, որը թույլ է տալիս բաց խոսել խնդիրների մասին, չվախենալ սխալներից և գտնել դրանց լուծման ուղիները։ Առանց ազնվության արդյունավետ թիմային աշխատանքն ուղղակի անհնար է։



Երկրորդը՝ ներգրավվածությունն է: Ներգրավված մարդը կարողանում է հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ։ Ինչպես ասում են՝ նրանք, ովքեր ցանկանում են անել, ճանապարհը կգտնեն, իսկ ովքեր չեն ցանկանում՝ պատճառ կգտնեն չանելու։

Երրորդը՝ ինքնակարգապահությունն է: Այս որակը ապահովում է կազմակերպվածություն, հուսալիություն և կանխատեսելիություն, հատկապես դժվար իրավիճակներում: Մենք փորձում ենք մեր թիմ ներգրավել հենց այդպիսի մարդկանց։


Ո՞րն է այն հմտությունը կամ որակական հատկանիշը, որը, ըստ Ձեզ, կարևոր է ՏՏ ոլորտում հաջողության հասնելու համար, հատկապես բանկային ոլորտում։


– Ազնվությունից բացի, ես հիմնական որակներ եմ համարում ինտելեկտը, ինքնակարգապահությունը և հուզական կայունությունը՝ զուգորդված հաղորդակցման ուժեղ հմտություններով:

Ինտելեկտը թույլ է տալիս մասնագետին արագ տիրապետել նոր տեխնոլոգիաներին, վերլուծել բարդ խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ։ Հաջորդն ինքնակարգապահությունն է։ ՏՏ ոլորտում աշխատանքը հաճախ կապված է մեծ ծանրաբեռնվածության, բարդ նախագծերի և մշտական ​​ինքնազարգացման անհրաժեշտության հետ: Հաջողությունն անհնար է առանց ինքդ քեզ կազմակերպելու, հոգնածության ժամանակ մոտիվացված մնալու և ժամանակը արդյունավետ կառավարելու ունակության:

Կարևոր դեր են խաղում նաև հուզական կայունությունը և զարգացած հաղորդակցման հմտությունները։ Բանկային ոլորտում, որտեղ բարձր դինամիկան և սթրեսը նորմ են, կարևոր է պահպանել հանգստություն, հարմարվել փոփոխություններին և արդյունավետ կերպով շփվել տարբեր մարդկանց հետ՝ ինչպես թիմի ներսում, այնպես էլ դրսում: Հաջողակ մասնագետը ՏՏ-ում պետք է ունենա ոչ միայն տեխնիկական փորձ, այլև թիմում ներդաշնակորեն աշխատելու, գործընկերներին ոգեշնչելու և ընդհանուր գործում արժեքավոր ներդրում ունենալու կարողություն:


Եթե ​​կարողանայիք լուծել մեկ գլոբալ խնդիր՝ օգտագործելով տեխնոլոգիա, ո՞րը կլիներ այն և ինչպիսի՞ լուծում կստեղծեիք:


– Գիտեք, ես դեմ եմ կենդանիներին սպանելուն։ Կարծում եմ՝ սա գլոբալ խնդիր է։ Ես առաջին հերթին կզբաղվեի դրանով: Լուծումը շատ պարզ է՝ վարել բուսակերական ապրելակերպ։ Փոխարինել այն մթերքները կամ այն ​​օգտակար նյութերը, որոնք ստանում ենք մսից՝ այլ ծագման մթերքներով։ Սննդի արդյունաբերությունն արդեն բավականին զարգացած է և արդեն հնարավոր է, օրինակ, մսի սպիտակուցը փոխարինել կաթով, ձվի և բուսական սպիտակուցներով և այլն։


Ի՞նչ հոբբի կամ հետաքրքրություն ունեք։


– Ես սիրում եմ աշխատել, սիրում եմ շարունակել զարգանալ որպես մասնագետ: Ազատ ժամանակ զբաղվում եմ սպորտով կամ ծրագրավորմամբ։


Եթե ​​կարողանայիք արտահայտել Ձեր կյանքի փիլիսոփայությունը մեկ նախադասությամբ, ո՞րը կլիներ այն:


Հավանաբար, երբեք չհանձնվել: Երազել, նպատակներ դնել և չհանձնվել։


Սկզբնաղբյուր Fintech.am

1/2311
bottom of page