2018-ին այս իշխանությունը որ եկավ, սարեր էր խոստանում, մինչդեռ 7 տարի է` հանձնում է. Արծվիկ Մինասյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ սա անթույլատրելի վարքագիծ է:
Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Ըստ պատգամավորի՝ օրվա իշխանության արածը ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև անբացատրելի է:
«Միջազգային փորձում անգամ նման վարքագիծ կամ չեք հանդիպի կամ այնքան քիչ կհադնիպեք, որ երբ այլևս հանձնվողը որևէ շանս չունի իր շահերը պաշտպանելու: Իսկ այս իշխանությունը որ եկավ 2018-ին, սարեր էր խոստանում, մինչդեռ 7 տարի է՝ անընդհատ հանձնում է, տալիս է, զիջում է՝ դիմացը ոչինչ չստանալով: Սա հերթական փուլերից է»,- ասաց նա:
Մինասյանը նշեց՝ կարևոր է, որ մեր հայրենակիցները թե մեր երկրում, թե երկրից դուրս պետք է համախմբվենք, որ մեր ազգային արժանապատվությունը վերականգնվի և նման վարքագծերը կանխվեն:
«Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում, ասում են՝ ի՞նչ է եղել որ, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք, հետո էլ մեղադրում են մեզ ադրբեջանական նարատիվներ տարածելու մեջ, մինչդեռ իրենք են դա անում ամեն օր»,- ընդգծեց պատգամավորը: