Վանաձորի դպրոցներում խստացված հսկողություն է․ աղջիկների նկատմամբ uեռական բռնությունը անհետևանք չի մնացել
Վանաձորի դպրոցներում ձմեռային արձակուրդից հետո խստացումներ են մտցվել։ Պատճառն, ըստ մեր տեղեկությունների, վերջերս 13 և 15 տարեկան աղջիկ երեխաների հետ տեղի ունեցած դեպքն է, որի հետևանքով 15-ամյա աղջիկը մահացել է։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Վանաձորի դպրոցներից մեկում (մեր տեղեկություններով՝ թիվ 24 դպրոց) սովորող երկու աղջիկներ տանից դուրս էին եկել դպրոց գնալու, և նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չէին ստացվել։ Արդեն դեկտեմբերի 21-ին Երևանի քրեական և Կենտրոնի համայնքային ոստիկանները երեխաներին հայտնաբերել էին Կողբացի փողոցի շենքերից մեկում։ Ոստիկանությունում երեխաներից մեկի մայրը հայտնում է, որ երկու տղաներ Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։ Օրեր անց աղջիկներից մեծահասակը մահացել է։
MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ այս դեպքից հետո Վանաձորի դպրոցներում սովորող աշակերտներին թույլ չեն տալիս դասերից հետո դպրոցից դուրս գալ, քանի դեռ ծնողները չեն մտել ու դպրոցից անձամբ չեն վերցրել նրանց։
Իհարկե, որևէ պաշտոնական հրապարակում չկա, որ այս դեպքն է ամենի պատճառը, բայց ուսուցիչների շրջանում խոսակցությունները տանում են դրան․ աղջիկների հետ տեղի ունեցած միջադեպն է այս խստացումների հիմքը։
Նշենք, որ դպրոցների մուտքերի մոտ ոստիկանների տեղակայումը խուճապ է առաջացրել հանրության շրջանում։ Լուրեր են շրջանառվում, որ դպրոցներում ցածր դասարաններում անգամ ոստիկաններն աշակերտներին ստուգում են՝ թմրանյութ օգտագործած լինելու կասկածանքով։
Ավելին, երկու օր առաջ 6-րդ դասարանի աշակերտի են դուրս բերել դասասենյակից, պարզվել է՝ թմրանյութ է օգտագործում։ Նշենք, որ ՆԳՆ Ոստիկանությունից հերքեցին լուրերը, ասացին, որ նման դեպք չի եղել․ թմրանյութի օգտագործման համար կամ շրջանառելու կասկածով որևէ աշակերտ բերման չի ենթարկվել, որևէ ահազանգ չի եղել։
Նկատենք, որ Վանաձորը նման դեպքերի առումով միշտ է աչքի ընկել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ 2024 թվականի սկզբին էլ Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում էր պարզվել, որ 15 տարեկան աղջիկ երեխան հղի էր, ու պարզվել էր, որ իր մի քանի դասընկերների հետ սեռական կապի մեջ էր եղել, թմրանյութ օգտագործել։
Նույն ժամանակահատվածում «Էվրիկա» մասնավոր դպրոցում էլ աշակերտուհիներից մեկը հղիության պատճառով ընդհատել էր ուսումը։