top of page

Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին

Նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակել Վիկտոր Վասիլեւին, հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, տեղեկացրել է ՌԲԿ-ն։

Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պաշտոնից ազատել է Միքայել Աղասանդյանին։ Նա ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն էր 2021թ. սեպտեմբերից՝ այդ պաշտոնում փոխարինելով Միխայիլ Եվդոկիմովին։ Այդ նույն ընթացքում Աղասանդյանը եղել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը։ Մինչ այդ զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում, աշխատել ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչության խորհրդական եւ եղել Թունիսում դեսպանության աշխատակից։ 2023թ. ստացել է «Հայրենիքի առջեւ ունեցած վաստակի համար» II աստիճանի մեդալ։

Վասիլեւը դիվանագիտական ծառայությունում է 1989-ից։ 2013-2018թթ. նա արդեն ՀԱՊԿ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչն էր։ Դրանից հետո Մոսկվան ներկայացրել է ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունում (FAO) եւ նման այլ միջազգային կազմակերպություններում Հռոմում։ Մինչ այդ զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՌԴ ԱԳՆ-ում, եղել ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչության աշխատակից, մշտական ներկայացուցչի տեղակալ ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում Ժնեւում, ՄԱԿ կառավարական փորձագետների խմբի նախագահը տիեզերքում հանդուրժողության եւ վստահության գծով։

bottom of page