Հայտնի չեխական կայքերից մեկը Հայաստանը ներառել է 2025-ի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում
Հայտնի չեխական Novinky.cz լրատվական կայքը Հայաստանը ներառել է 2025 թվականի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշվում է, որ հարուստ պատմությունն ու մշակույթը, բնության անկրկնելի գեղեցկությունն ու գինու արտադրության հնագույն ավանդույթները Հայաստանը դարձնում են անզուգական ուղղություն ճանապարհորդների համար:
Novinky.cz-ի հոդվածում Հայաստանի մասին խոսվում է որպես աշխարհի ամենահին գինեգործական շրջաններից մեկի մասին, որտեղ հայտնաբերվել է ամենահին խաղողի այգին՝ Արենի-1-ը, որը թվագրվում է մ.թ.ա. 4100-4000 թվականներով: Գինու սիրահարների համար Հայաստանը առաջարկում է ոչ միայն համեղ գինիներ, այլև եզակի հնարավորություն՝ ծանոթանալու գինեգործության դարավոր ավանդույթներին:
Հոդվածում նշվում է նաև Հայաստանի պատմական և մշակութային գանձերի մասին: Երևանը, որը գտնվում է Հայաստանի կենտրոնում, հարմար տեղակայված է երկրի հայտնի տեսարժան վայրեր այցելելու համար: Հատուկ ուշադրության են արժանացել Խոր Վիրապի վանքը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռ, ինչպես նաև Սևանա լիճը, Սևանավանքը և ժայռափոր Գեղարդի վանքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է:
Հոդվածում Հայաստանը ներկայացվում է որպես երկիր, որը առանձնանում է իր համեմատաբար մատչելի գներով:
Հայաստանը նաև անվանվում է քրիստոնեության բնօրրան, որը կհետաքրքրի նույնիսկ այն ճանապարհորդներին, ովքեր սովորաբար չեն հետաքրքրվում հոգևոր վայրերով: Տեղի հոգևոր ու պատմական կենտրոնները, ինչպես նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը խոստանում են յուրահատուկ տպավորություններ յուրաքանչյուր այցելուի համար: