Երևանում տղամարդը hրկիզել է քրոջ դստեր մեքենան
- Lida Nalbandyan
- 1 day ago
- 1 min read
Ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի գնացել է Ֆուչիկի 21 հասցե և դիտավորյալ մեքենա հրկիզել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ ժամը 22։10-ի սահմանում Ֆուչիկի 21 հասցեի մոտ Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Սերգեյ Մ․-ն, դիտավորությամբ դյուրավառ հեղուկը լցնելով քրոջ դստեր՝ Երևանի բնակիչ 39-ամյա Սուսաննա Ա․-ի Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա, հրկիզել է այն՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս:
Իրավապահների ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սերգեյ Մ․-ն Ֆուչիկի 21 հասցեի մոտից հայտնաբերվել և գույքը դիտավորյալ վնասելու կամ ոչնչացնելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։