«Հանուն Արցախի» ՀԿ-ների համաժողով՝ 3 հիմնական ուղղություններով
Վաղը՝ դեկտեմբերի 28-ին, Արցախի հասարակական կազմակերպությունները հավաքվում են մեկ հարկի տակ, քննարկելու 2025 թվականի հիմնական անելիքները՝ 3 ուղղություններով։ ՀԿ ներկայացուցիչներից մեկը MediaHub-ին փոխանցեց, որ սա տեղահանությունից հետո բոլոր կազմակերպությունների համատեղ աշխատանքի առաջին փորձն է, մինչ այդ բոլորն իրենց ուղղություններով աշխատել են առանձին-առանձին։
««Հանուն Արցախի» խորագիրն է կրում մեր վաղվա համաժողովը։ Նախաձեռնությունը կարելի է ասել բոլորինն է, որովհետև մեկ ամիս առաջ երբ սկսեցինք աշխատել օնլայն հարթակում, առաջարկություն եղավ այն ընդլայնել ու ընդգրկել բոլոր ՀԿ ներկայացուցիչներին»,- ասաց մեր զրուցակիցը։
Համաժողովի քննարկման առաջին ուղղությունը՝ արցախցիների հավաքական ու անխոչընդոտ վերադարձի իրավունքն է՝ միջազգային կոնվենցիաներով ամրագրված անվտանգային միջոցառումներով, հաջորդը՝ սոցիալական անարդարությանը, դրանց խնդիրների բարձրացմանը, ինչպես նաև Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ու պատանդների վերադարձը։ Վերջիններիս մասով նախատեսվում է կազմակերպել նաև ստորագրահավաք, այն միջազգային քրեական դատարան ներկայացնելու ակնկալիքով։
«Համաժողովը տեղի կունենա Էլիտ պլազայում, ժամը 11:00-ին։ Դրանից հետո համատեղ հայտարարություն կտեղադրենք և որոշումների մասին տեղյակ կպահենք հանրությանը»։
Մեր զրուցակցի խոսքով՝ այս համաժողովը չի հարում Հայաստանի ու Արցախի որևէ քաղաքական ուժի։