top of page

Կաթողիկոսի կուսակցությունից մանիպուլյատիվ հայտարարություններ են տարածում՝ մոլորեցնելով հանրությանը․ Չախոյան

Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքները հանձնելու մասին Մայր Աթոռի հայտարարությունը սուտ է, ակնհայտ կեղծիք։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Կաթողիկոսի կուսակցությունից մանիպուլյատիվ հայտարարություններ են տարածում՝ մոլորեցնելով հանրությանը։

Ցավում եմ, որ այս ծանր ժամանակաշրջանում սեփական ժողովրդին հուսադրելու ու առաջնորդելու փոխարեն հոգևոր հայրերը ստանձնել են սեփական ժողովրդին ահաբեկելու ու մոլորեցնելու ուղին՝ ակնհայտ քաղաքական նպատակներով ապատեղեկատվություն տարածելով։

Այն տարածքները, որոնց մասին բարձրաձայնում է Ադրբեջանը, դե յուրե Հայաստանի տարածքում չեն և չեն եղել:

Հայաստանի տարածքից ոչ ոք իրավունք չունի և չի կարող անգամ 1 մետր հանձնել կամ զիջել այլ պետության։ Տավուշի մարզից տարածքներ հանձնելու կամ զիջելու մասին բոլոր հայտարարությունները կեղծ են, իսկ այդ հայտարարություն տարածողները Հայաստանին նոր պատերազմի մեջ ներքաշելու նպատակ են հետապնդում, քանզի Հայաստանը տարածքային նկրտումներ չունի այլ պետություններից»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ Մայր Աթոռը հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես նշելով, թե «վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը»։

bottom of page