Ադրբեջանը ցանկանում է պահպանել 44-օրյա պատերազմի ստատուս-քվոն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
Ալիևը հայտարարել է, թե համանախագահները «այլևս չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ հարցն արդեն լուծված է»
Ադրբեջանը 44-օրյա պատերազմի արդյունքը համարում է արցախյան հարցի վերջնական լուծում՝ չնայած Արցախում այս պահին գտնվում են ռուսական խաղաղապահներ և Մինսկի խումբը, որպես արցախյան հարցով զբաղվող կառույց՝ լուծարված չէ: Ալիևը ցանկանում է ցույց տալ Մինսկի խմբի համանախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և ՌԴ-ին, որ Ադրբեջանը չի պատրաստվում քննարկել Արցախի կարգավիճակի, Արցախում հանրաքվեի կամ Շուշիի և Հադրութի վերադարձման հարցը:
Բաքուն ակտիվորեն զինվում է՝գնում է նոր, արդի զինատեսակներ, ամրապնդում է ռազմական կապերը Թուրքիայի և Իսրայելի, անգամ Պակիստանի հետ՝ նպատակը 44-օրյա պատերազմի ստատուս-քվոյի պահպանումն է: Ալիևը զգուշանում է, որ Հայաստանում կարող են իշխանության գալ այնպիսի ուժեր, որոնք չեն ընդունելու պատերազմի արդյունքներն ու վերազինելով հայոց բանակն ու ամրապնդելով Արցախի ՊԲ-ն՝ կփորձեն խախտել այսօրվա ստատուս-քվոն: Ադրբեջանի նախագահը սպառնում է հայկական կողմերին նոր պատերազմով, եթե կրկին բարձրացվի Արցախի ինքնորոշման հարցը կամ կասկածի տակ դրվի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը:
Ադրբեջանն օրերս կրկին կրակ էր արձակել հայկական դիրքերի վրա՝ հայ-ադրբեջանական սահմանին, այսինքն` Բաքուն ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը՝ հայկական կողմի համար նոր ճակատներ բացելով Գեղարքունիքում, ապագայում հնարավոր է նաև Սյունիքում և Տավուշում:
Մինսկի խմբի համանախագահները դեռևս չեն արձագանքել Ալիևի ուլտիմատումներին, սակայն պարզ է մեկ բան՝ Հայաստանն ու Արցախը պետք է վերազինեն բանակները, հզորացնեն զինված ուժերը, կառուցեն տնտեսություն ու կանխեն Արցախից արտագաղթը: ՌԴ-ին նույնպես ձեռնտու չէ, որ Արցախը հայաթափվի, քանի որ այդ պարագայում Մոսկվան այլևս պատճառ և պատրվակ չի ունենալու պահպանել իր խաղաղապահ առաքելությունն Արցախի տարածքում: Ալիևի մեսիջներն ուղղված են առաջին հերթին ՌԴ-ին՝ Ալիևը չի ցանկանում, որպեսզի ռուսական խաղաղապահ առաքելությունը 4 տարի անց շարունակի գտնվել Արցախում՝ այդ հարցում Ալիևն ունի Թուրքիայի և Արևմուտքի համաձայնությունը: Արևմուտքին նույնպես ձեռնտու չէ ռուսական ազդեցության մեծացումը Հարավային Կովկասում՝ այս պարագայում Ադրբեջանի վրա նոր լծակների ձեռք բերումը:
Ադրբեջան-Թուրքիա ռազմա-քաղաքական տանդեմի նպատակը հայկական պետականության ոչնչացումն է՝ Մեծ Թուրանի կառուցումը: Անկարան և Բաքուն 30 տարի փակ են պահել սահմանները՝ ՀՀ-ից արտագաղթը խրախուսելու համար, Բաքուն պատերազմ և սահմանային լարվածություն է հրահրել՝ սահմանամերձ գյուղերը հայաթափելու, ՀՀ զինված ուժերը հյուծելու համար: Ռազմական գործիքակազմին զուգահեռ Բաքուն ապագայում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանները բացվելու պարագայում իրականացնելու է տնտեսական, ներդրումային, ժողովրդագրական էքսպանսիա: Թուրք-ադրբեջանական տնտեսական և ժողովրդագրական էքսպանսիայի վառ օրինակը Վրաստանն է՝ մասնավորապես Աջարիան:
Արտյոմ Բալասանով