top of page

Ադրբեջանը պանթուրքական միջանցք է կառուցում Արաքսի երկայնքով



Ադրբեջանի իշխանությունները մտադիր են այս տարի Զանգելանում նոր օդանավակայան բացել: Դրա կառուցումը մեկնարկել է 2021 թվականի ապրիլին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Այստարի կբացվի Զանգելանի օդանավակայանն, իսկ 2023 թվականին մենք երկաթգիծը կհասցնենք Հայաստանի հետ սահմանին, շարունակվում է նաև ավտոճանապարհի շինարարությունը»,- ասել է Ալիևը:


Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը սկսել է իր հսկողության տակ անցած շրջանների տնտեսական կլանումը, ինչին հետևելու է ժողովրդագրական էքսպանսիան կամ վերաբնակեցումը:


Բաքուն կառուցում է երկաթգիծ, որը մաս է կազմելու այսպես կոչված Զանզեգուրի միջանցքի՝ Սյունիքով Նախիջևանի և Թուրքիայի հետ կապը պահպանելու համար: Արաքսի երկայնքով ադրբեջանական իշխանությունները ստեղծում են էներգետիկ-տրանսպորտային միջանցք՝ նույնատիպ միջանցք գործում է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ՝ վրացական տարածքով:


Ադրբեջանը լոգիստիկա ստեղծելով մերձարաքսյան շրջաններում և Արցախի այսօրվա սահմանների երկայնքով ապագայում այդ տեղանքում ադրբեջանցիներ է բնակեցնելու՝ ընդմիշտ փոխելով տվյալ տարածաշրջանի էթնիկ-կրոնական դեմքը: Տնտեսական լոգիստիկայից բացի Բաքուն կառուցելու է նաև մզկիթներ, հիվանդանոցներ, դպրոցներ՝ վերականգնելու է ադրբեջանական բնակավայրերը՝ դա արվում է նաև ապագայում Իրանական Ադրբեջանի հետ կապը՝ Արաքս գետով ապահովելու համար:


Արաքս գետի վրա կառուցվելու են կամուրջներ, որոնք կապելու են Իրանական Ադրբեջանը՝ կամ Իրանի հյուսիսային շրջանները՝ Ադրբեջանի մերձարաքսյան շրջանների հետ: Արաքսի երկու ափերով կյանքի է կոչվելու պանթուրքական ծրագիրը կամ թուրքական տնտեսական, ժողովրդագրական, իսկ ապագայում հնարավոր է նաև ռազմական էքսպանսիան: Բաքուն մերձարաքսյան շրջաններում, որոնք սահմանակցում են Իրանին, Հայաստանին և Արցախին՝կառուցում է նոր զորամասեր, ռազմական ենթակառուցվածքներ:


Ադրբեջանն Արցախի և Հայաստանի մերձակայքում ստեղծում է ռազմական, տնտեսական լոգիստիկա՝ ապագայում ողջ Արցախը կամ ռազմական ճանապարհով գրավելու կամ տնտեսապես ավելի հեշտ կլանելու նպատակով:


Սյունիքով անցնող Զանգեզուրյան միջանցքն էլ այդ տարածաշրջանում կարող է ամրապնդել թուրք-ադրբեջանական կապիտալի դիրքերը: Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով ստեղծվում է նոր պանթուրքական միջանցք, որը կապելու է Թուրքիան՝ Կասպից ծովի և թյուրքական աշխարհի՝Կենտրոնական Ասիայի հետ:


Բաքուն և Անկարան երկաթգիծ, ավտոմայրուղիներ են կառուցում նաև Իրանին սահմանակցող Նախիջևանում՝այնտեղ Բաքուն կենտրոնացրել է մեծ քանակությամբ զորքեր և զինտեխնիկա: Նախիջևանը՝ Բաքուն և Անկարան դարձնում են ռազմա-քաղաքական, տնտեսական գործոն Հարավային Կովկասում՝ կամ պլացդարմ ընդդեմ Իրանի և Սյունիքի:


Արտյոմ Բալասանով

bottom of page